Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուժեղացմանը և ազգային/պետական հզորության աճին, թե կարող է կործանարար արդյունք ունենալ՝ հակառակ ակնկալիքին:

Միանգամից ասեմ, որ, իմ համոզմամբ, արդյունքը բացասական է լինելու: Առկա արձանագրություններն ունեն դրույթներ, որոնց ամրագրումն անգամ ապագայում անհնարին է դարձնում Հայկական հարցի որևէ լուծում: Պետք չէ մոռանալ, որ և՛ պայքարը հանուն Արցախի, և՛ պայքարը հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման երբեք մեկուսի չեն եղել և հայ հասարակության մեծագույն մասի կողմից դիտարկվել և դիտարկվում են, գիտակցաբար կամ անգիտակցաբար, որպես Հայկական հարցի լուծման բաղադրիչներ: Հայկական հարցը լուծելու ձգտումը եղել է հայոց գոյության վերջին՝ ավելի քան մեկ հարյուրամյակի մեծագույն նպատակը: Չնայած այսօր երբեմն հնչող իրարամերժ տեսակետների՝ այն շարունակում է մնալ հայոց համազգային միակ նպատակը:

Թուրքիայի նկատմամբ հայոց իրավունքներից հրաժարումը, որը նախանշված է զույգ փաստաթղթերում, նշանակում է հրաժարում մեզ հայերիս համախմբող միակ նպատակից, որը նշանակում է ՀՀ էական թուլացում և, ի վերջո, կործանում: Հայոց երկնակամարի տակ այսօր առատորեն հունձք անող քաղաքական շամաններին չնմանվելու համար, փորձեմ միտքս ներկայացնել գիտական լեզվով:

Քաղաքագիտությունը վաղուց է մշակել պետության հզորության հաշվարկի բանաձևը: Ամերիկյան քաղաքագիտության մեջ այն հայտնի է Յաբլոնսկու (Jablonsky) բանաձև անվանումով.

Pp = (C + E + M) x (S + W)[1]

Այս բանաձևի մեջ. Pp (Perceived power) հաշվարկվող հզորությունն է, C (Critical mass: population + territory)՝ որոշիչ զանգվածը. բնակչությունը + տարածքը, E (Economic capability)՝ տնտեսական կարողությունը, M (Military capability)՝ ռազմական կարողությունը, S (Strategic purpose)՝ հեռագնա (ստրատեգիական) նպատակը, W (Will to pursue national strategy)՝ ազգային հեռագնա (ստրատեգիական) նպատակը հետապնդելու կամքը:

Բանաձևից երևում է, որ պետության հզորությունը նույնքան է պայմանավորված նրա հեռագնա նպատակի առկայությամբ և դրան հասնելու պետական նպատակամղվածությամբ, որքան որ բնակչությամբ, տարածքով, տնտեսական և ռազմական

  1. David Jablonsky, National Power, Parameters, vol. 27, 1, Spring, 1997, pp. 34-54.