Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետականությունը: Սակայն ամերիկյան օրենսդիրները որոշեցին վերջնականապես չփակել հայ ժողովրդի փրկության միակ դուռը: Այդ քվեարկության շնորհիվ է, որ առ այսօր ունենք մի ազդեցիկ քաղաքական-իրավական լծակ, որը հմտորեն գործածելու դեպքում ոչ միայն կարող ենք ապաշրջափակել Հայաստանը, այլև երկրի համար ապահովել անվտանգության լուրջ երաշխիքներ և հսկայական դրամական մուտքեր:

Սենատի կողմից պայմանագրի մերժումից հետո ամերիկացիները, որպես գործնական մարդիկ, արագ կողմնորոշվեցին և 1 ամիս անց՝ 1927թ. փետրվարի 17-ին, նոտաների փոխանակման ճանապարհով վերահաստատեցին դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Բնականաբար, ՀՀ տարածքային իրավունքները մնացին անխաթար: Այս նոտաները ծառայում էին միայն իրենց բուն նպատակին, ուստի զերծ էին «խուճուճ» ու երկիմաստ ձևակերպումներից: Ահա դրանց բովանդակային մասը.

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Թուրքիան համաձայնեցին միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա փոխադարձաբար հաստատել դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ և հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դեսպանների նշանակմանը:

(The United States of America and Turkey are agreed to establish between themselves diplomatic and consular relations, based upon the principles of international law, and to proceed to the appointment of Ambassadors as soon as possible.)[1]

Եվ ոչ մի ավելորդ բառ: Առաջարկում եմ և՛ օրենսդիրների վարքի, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատող փաստաթղթի բովանդակության հարցում ընդօրինակել ամերիկացիներին: Եթե թուրքերն անկեղծ են և իսկապես ուզում են կարգավորել մեզ հետ իրենց հարաբերությունները, նրանք անվարան կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ և կապաշրջափակեն Հայաստանը: Եթե իրենց բուն նպատակը մեզնից մեր իրավունքների ուրացման կորզումն է, ապա կխուսանավեն և արդեն խնդիրներ կունենան ուրիշների հետ:

Եկե՛ք դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և, այսպես կոչված, սահմանի, այսպես կոչված, բացումը ինքնանպատակ չդարձնենք:

15 սեպտեմբերի, 2009թ.
  1. Papers Relating to the Foreign Relations of the United States, 1927, v. III, Washington, 1942, p. 794.