Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծարգո՛ պարոն նախարար,

Ի տարբերություն ամերիկացիների և եվրոպացիների ներկա սերնդի, մենք թուրքերին լավ ենք ճանաչում, ուստի պատրանքներ չունենք: Կարծում եմ, դուք էլ մեզ եք լավ ճանաչում, հետևաբար պատրանքներ պիտի չունենաք: Եթե դուք՝ թուրքերդ, կարծում եք, որ Հայաստանի ձեռքերն ոլորելով հայ ժողովրդին ինչ-որ բան կարելի է պարտադրել, չարաչար սխալվում եք: Մեր պատմությունը դրա հակառակի ապացույցն է:

Մենք՝ հայերս և թուրքերը, դատապարտված ենք միասնաբար, երկուստեք ընդունելի լուծումներ գտնելու: Լուծումները կարող են տարբեր դրսևորումներ ունենալ, բայց մի բան հստակ պիտի լինի՝ այն պիտի նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, տնտեսության բազմակողմանի զարգացմանը, գործակցական մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու նրանց տարածաշրջանի հարցերի մեջ ավելի լայն ներգրավվմանը: Ընդսմին, այդ ձևը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգության մտահոգությունները, հնարավորություն ընձեռի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հարաճուն և շարունակական զարգանալու համար, ինչպես նաև երաշխավորի հայկական մշակութային արժեքների պահպանումը: Միևնույն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականորեն ոտնահարի Թուրքիայի շահերը և թուրքական կողմին պետք է հնարավորություն տա զգալու, որ հարցի առաջարկվող լուծումը արժանապատիվ ելք է ստեղծված իրավիճակից:

Մեծարգո՛ պարոն նախարար,

Մենք պատրաստ ենք համագործակցության, սակայն մի ընկալեք դա որպես թուլության նշան և մի փորձեք մեզ ստիպել, որ սպիտակ դրոշ պարզենք: Դա երբեք չի լինի:

Ընդունեցե՛ք, պարո՛ն նախարար, հարգանացս խորին հավաստիքը:

Հղումներ և ծանոթագրություն

  1. The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes, 1899, #54; 1907, #81.
  2. «Հաստատելով միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը», “Confirming the mutual recognition of the existing border between the two countries as defined by the relevant treaties of international law.”