Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԳ. Ֆիլիպ Գորդոնի, Սահմանադրական դատարանի

որոշման և օրինապաշտության մասին

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումից (12.01.2010թ.) հետո նշյալ որոշման մասին բազմաթիվ կարծիքներ են հնչել: Կարծում եմ, ինչպես արդեն առիթ ունեցել եմ արտահայտվելու, որոշումը խիստ կաևոր էր:

Թեև ինքնին որոշումը միջազգային իրավունքի առումով հարց չի լուծում, այսուհանդերձ, որոշման իրավական դիրքորոշումը, որը պարտադիր է բոլորիս՝ այդ թվում օրենսդիր և գործադիր իշխանությունների համար, լուրջ հիմքեր է ստեղծում արձանագրությունների հասցնելիք վնասը մեղմելու (damage control) համար: Ըստ այդմ, այսուհետ ամեն ինչ կախված է լինելու ՀՀ նախագահի և Ազգային ժողովի օրինապաշտության աստիճանից:

Այս ամենի մեջ խիստ հետաքրքրական է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունը. «Դատարանի որոշումը մենք դիտարկում ենք որպես դրական առաջքայլ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բնականոնացման արձանագրությունները վավերացնելու գործընթացի առումով: Դատարանի որոշումը թույլ է տալիս արձանագրությունները, ինչպես դրանք բանակցվել և ստորագրվել են, առաջ մղել դեպի խորհրդարանական վավերացում և չի թվում, որ [դատարանի որոշումը] որևէ բանով սահմանափակում կամ պայմանավորում է դրանք»:

Կարծում եմ, որ այս պարբերության մեջ ամենակարևոր և նույնքան խնդրահարույց միտքը՝ «ինչպես դրանք բանակցվել և ստորագրվել են» արտահայտությունն է: Խնդիրը հենց այն է, որ կողմերը միևնույն պարբերությունների, անգամ արտահայտությունների ու մինչևիսկ բառերի նկատմամբ չունեն նույնական ըմբռնում: Այդ ըմբռնումները հաճախ ոչ միայն էապես տարբեր են, այլև՝ իրարամերժ: Բավական է համեմատել ՀՀ նախագահի ու ԱԳ նախարարի և Թուրքիայի վարչապետի ու ԱԳ նախարարի արձանագրությունների միևնույն հարցերի մասին արտահայտած մտքերը, որ ակնհայտ լինի. չկա կողմերի միասնական ըմբռնում ընդգրկված հարցերի նկատմամբ, հետևաբար հնարավոր չէ ընդհանրացնել. «ինչպես դրանք բանակցվել և ստորագրվել են»: