Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԺԱ. Մեկնաբանություններ իմ մեկնաբանության

մեկնաբանությունների վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի վերաբերյալ իմ վերջին մեկնաբանությունը [տե՛ս էջ 459՝ «Համանախագահներն ընդամենը միջնորդ են կամ առանձին վերցրած մի տարածաշրջանում ստալինիզմի հարության փորձ», 24 մարտի, 2011թ.] մի շարք մեկնաբանությունների տեղիք է տվել: Հարկադրված եմ մեկնաբանություններով պատասխանել իմ մեկնաբանության մեկնաբանություններին:

1. В декабре 1991 года в Соглашении о создании СНГ союзные республики признали независимость друг друга и неприкосновенность существующих границ. (Artur, Armenia Today) [1991թ. դեկտեմբերին միութենական հանրապետություններն ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրով ճանաչեցին միմյանց անկախությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը]:

Նախ պետք է ընդգծել, որ ԱՊՀ ստեղծման մասին համաձայանագիրը (08.12.1991թ.) և՛ ՍՍՀՄ օրենսդրության, և՛ միջազգային իրավունքի տեսանկյունից խիստ խնդրահարույց փաստաթուղթ է: Իհարկե, ՍՍՀՄ սահմանադրությունը ՍՍՀՄ հանրապետություններին տալիս էր անկախանալու իրավունք, սակայն այդ անկախացումն ուներ օրենքով ամրագրված հստակ ընթացակարգ, որը չի պահպանվել: Հարց է առաջանում՝ արդյո՞ք քաղաքական նպատակահարմարությունը կարող է օրինականացնել հիշյալ փաստաթուղթը ստորագրողների ultra vires (լիազորությունները գերազանցող) գործողությունը: Անշուշտ՝ ոչ: Կարծեմ, ՍՍՀՄ հանրապետություններից միայն Հայաստանում են պահպանվել այդ պահին գործող օրենքի պահանջները՝ անկախության հանրաքվեի հայտարարում, նախատեսված ժամկետի պահպանում, հանրաքվեի անցկացում և այլն: Այդ տեսանկյունից ՍՍՀՄ նախկին հանրապետությունների անկախացումներից (ներառյալ՝ Բալթյան երկրները) օրենքի տեսնակյունից միակ անթերին Հայաստանի Հանրապետության անկախացումն է:

Հետո, միջազգային իրավունքն ունի իր պահանջները, ի մասնավորի՝ օրինապես միջազգային հարաբերությունների մեջ մտնել և միջպետական պարտավորություններ ստանձնել կարող են միայն միջազգային իրավունքի սուբյեկտները: Այսինքն, միջազգային համայնքի կողմից ճանաչված երկրների ճանաչված կառավարությունների համապատասխան լիազորություններով օժտված ներկայացուցիչները: Անշուշտ, 1991թ. դեկտեմբերի 8-ին ՍՍՀՄ դեռևս հանդես էր գալիս