Այս էջը հաստատված է
Փիրուզ-գահույքում աստղերը բազման
Ժպտով հուրհրան, պայծա՜ռ, սիգադե՛մ,
Թևաբաց սուրաց զեփյուռը գարնան՝
Երգել-գգվել աստղերը վսեմ...
Բյուր ծաղկունքների բույրերից անուշ
Երգը հյուսել էր թովիչ, գեղգեղուն՝
Վառ երազների կարոտից քնքուշ։
Սիրտը սիրել էր աստղերը սիրուն...
Եվ երգեց զեփյուռն իր սերը չքնաղ,
Տարվեց աստղերի ցոլքերին գերող,
Մարեցին, հանգա՛ն աստղերը, ավա՜ղ—
Ե՛վ հեզ, և՛ հզոր, և՛թույլ, և՛ կարող․․․
1908, հուլիս