Jump to content

Էջ:Heqiat arevi tak.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴԱԼԿ ՎԵՐՋԱԼՈԻՅՍԻՆ...

Արձակ դաշտերի գունատության մեջ
Մի որբ մանուկ կա անապաստան, խեղճ,
Որ լալիս է լուռ,
Անհույս ու տխուր...

Ու վերջալույսի ցոլքով հեզանազ,
Այնպե՜ս քնքշորեն ու այնպե՜ս տրտում
Դաշտերն հյուսել են լուսեղեն երազ՝
Հեգ մանկան համար որբացած, անտուն...

Մայրական քնքուշ, նրբին մատներով
Սրբում են նրա աչիկները թաց,
Շոյում են գունատ ճակատը խռով,
Սփոփում մանուկ հոգին դառնացած։

Գթոտ, ջերմաջերմ համբույրով թովիչ
Շաղում են վրան մոռացում, անդորր,
Վառվում են հոգում անուրջ հմայիչ,
Երգում ականջին օրոր բախտավոր...