Նրանցից երեքի՝ համայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանի, Գագիկ Հաջոյանի աճյունները ամփոփված են Եռաբլուրում։ Պատերազմի ընթացքում Եզդիների ազգային միությունը հայտարարեց դրամական միջոցների հանգանակություն, և եզդի ժողովուրդը հավաքեց 6 միլիոն ռուբլի, որը հանձնվեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի օգնության հիմնադրամին։
Պայքարի ժամանակահատվածում էր, որ տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Եզդիների համախմբումը հայ ժողովրդին սատար կանգնելու իսկական փորձաքար եղավ։ Եզդիները ոչ միայն հարյուր– հազարավոր ռուբլիների դրամական և նյութական օգնություն ցույց տվեցին, այլև հարյուրավոր եզդի երիտասարդներ կազմակերպված ու միասնաբար մասնակցեցին աղետի գոտու փրկարարական աշխատանքներին։ Զովունի գյուղի Ամո թաղամասի գրեթե բոլոր երիտասարդները Սպիտակում և Գյումրիում էին։ Ավելին, Ամո թաղամասի եզդիները 250000 ռուբլի փոխանցեցին աղետյալների համար բացված հատուկ հաշվին։
Հայաստանի անկախության հռչակումից հետո հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ապրեցին նաև եզդի բոլոր ընտանիքները։ Նրանք հայերի հետ միասին տարան բոլոր դժվարությունները, իրենց ակտիվությամբ ու համերաշխությամբ նպաստեցին ազատ և անկախ Հայաստանի կայացմանը։ Սակայն ինչպես հայերի և Հայաստանի մյուս ազգությունների մեջ, այնպես էլ եզդիների շրջանում նկատվեց արտագաղթի երևույթ։ Ցավով պետք է նշել, որ Հայաստանից հեռացան նաև մեծ թվով եզդիներ (ըստ որոշ այլ աղբյուրների՝ այդ թիվը հասնում է եզդի բնակչության մոտ 50%-ի)։
Թեև որոշ դժվարությունների առկայությանը, որը վերաբերվում է հատկապես հեռագնա արոտավայրերից զրկվելուն, եզդիները շարունակում են իրենց ավանդական աշխատանքը՝ անասնապահությունը, մեծ նպաստ բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Եզդիների ազգային միությունը լայնամասշտաբ գործողություններ է ծավալել եզդի ժողովրդի միասնությունն ապահովելու, հայ և Հայաստանի մյուս ազգությունների հետ բարեկամությունն ամրապնդելու, ազգային մշակույթը զարգացնելու, ազգային ավանդույթները պաշտպանելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է նվիրվում եզդիերեն դասագրքերի ստեղծման հարցերին։ Ազգային արժանապատվության բարձրացմանը նպաստում է եզդի մտավորականությանը օրենսդիր և գործադիր պետական մարմիններում ընդգրկելը, որի համար Եզդիների ազգային միությունը տանում է հետևողական աշխատանք։ Առաջարկություններ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը