Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործ դրվում. 1. Յեկեղեցում կամ մի սրբի առաջ զանգատավորը մի զույգ մոմ եր վառում և բռնելով մեղադրվածի կռնից, մոտեցնում եր մոմերին, վոր փչի հանգցնի. յեթե հանգցներ, անմեղ եր համարվում. 2. Գանգատավորի մի վառ ածուխ եր տալիս մեղադրվածին և սա, վրան ջուր ածելով, ասում եր, «Այսպես անցնեմ, թե վոր արել եմ»: Յերբեմն առաջավոր մարդիկն եյին յերդվում իրանց ստորադրվածների փոխարեն: Ընդհանրապես, յերդվելը շատ դժվար եր համարվում և վոչ միայն շատ հազիվ եյին պատահում սուտ յերդվողներ, այլև յերբեմն հանցանքը հանձն եյին առնում, վորպեսզի չերդվեն:

«Մելիքները հետևյալ պատիժներն եյին տալիս. 1. Ծեծ: Սա ամենասովորական և ամենագործածական պատիժն եր: Յերբեմն ինքը, մելիքն եր ծեծում. բայց սովորաբար ծառաներին եր հրամայում այս պատիժը գործադրել: Շատ անգամ ել պառկեցնում եյին և բարակ ճիպոտով ծեծում, նաև կապում եյին ծառից և այդպես ծեծում, շատ անգամ ել այդպես կապած երկու երեք որ պահում եյին: 2.Տուգանք: Տուգանք եյին վերցնում մելիքներն իրենց ոգտին, 3.Բանտարկություն: Հատուկ բանտ սկզբներում չկար. մելիքի ախոռը, փայտատունը, իսկ ավելի ուշ` մի վորոշ սենյակ ծառայում եր վորպես բանտ: 4.Անվանարկություն: Այս պատժին գլխավորապես յենթարկվում եյին անառակ կանայք, վորոնց եշի վրա նստեցնում եյին, եշի պոչը ձեռքը տալիս, երեսին մուր քսում, շրջեցնում եյին գյուղի մեջ: Ավելի փոքր հանցավորների յերեսին թրիք եյին քսում և գյուղով ման ածում: 5. Դոմղա խփել: մերկացնում եյին նստատեղին և մելիքի կնիքը խփում: 6.Այրումն: Փլավքամիչն կրակի մեջ կարմրացնում եյին և դնում դատապարտվածի գլխին, վոր անմիջապես մեռնում եր: Այսպես ե պատժել Մելիք Բեգլարը հովիվ Հախվերդուն: 7.Կախ տալ: Առանձին կախաղան չկար. սովորաբար ծառերից եյին կախ տալիս: Այսպես Մելիք Աբով 5-րդը կախ ե տվել Փանոսանց Հայրապետին Բոլնիսում, վոր չեր ուզում իրան հնազանդվեր: 8.Ձիու պոչից կապել յեվ քաշ տալ: Այս պատժին ենթարկվում եյին անուղղելի պոռնիկ կանայք: Այսպես, Մելիք Հովսեփ 1-ը սույն պատժով սպանել ե պոռնիկ Մարիամին»[1]

Դիմելով այժմ այն հարցին` թե առհասարակ ինչ կուլտուրական արժեք եյին ներկայացնում մելիքությունները, մենք կասենք, վոր արդեն վերևում բացատրել ենք, թե ինչ դրության մեջ եր Լեռնային Ղրաբաղը դուրս յեկել աշխարհաքանդության յերեք դարերից և ասել ենք, վոր այդ դրությունը վայրենացման դրությունն եր, յերբ մի յերկիրը մոռանում ե և այն, ինչ գիտեր յերեկ, յերբ նրա շինարարական ընդունակությունն իջնում ե մինչև կոպիտ ու հասարակ վորմնադրությունն անտաշ քարերից, յերբ չկան մեծագործություններ արվեստի և արհեստի բնագավառում: Մելիքական դարը գրեթե վոչինչ բարելավում չի մտցնում այս դրության մեջ: Յերկիրը մնաց անլույս և գրեթե անգիր: Նույնիսկ հին ձեռագրեր արտագրելը և վանականության վերածնունդը, վոր այնքան նկատելի եյին դարձել Գանձասարի Պետրոս կաթողիկոսի ժամանակ, մոռացվեցին և գրական զարգացման

  1. Յե. Լալյան.- «Գանձակի գավառ», յեր. 153-155.