Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լուսավորիչ տիտղոսով, ուստի սովորական ե դարձել անվանել այդ տոհմը Լուսավորչի տոհմ:

Նա իսկ վոր մտցրեց Հայաստանի մեջ կայսրների քրիստոնեյությունը և գլուխ հանեց նոր պետական կրոնի ամրապնդման դժվար գործը։ Բայց այս հաջողությունը հայ Արշակունիների փրկության համար չեր, վոչ ել յերկրի տնտեսական առաջացումն եր ապահովում։ Ընդհակառակը։

Պատմական քննադատության յերբեք չպիտի հաջողվի պարզել այս Գրիգորի իսկական ծագումը։ Թեև նա ունի իր պատմությունը, վորի շուրջը գոյացել ե մի ամբողջ գրականություն։ Բայց այդ պատմությունն այնքան խճողված ե առասպելներով, հրաշքներով, մարդկային միամտությունը հիմարացնելու և խաբելու ճիգերով, վոր ճշմարտության մասին միայն յենթադրություններ կարելի յե անել, վորոնց մեջ միանմանություն անգամ չի կարելի գտնել։ Հայ յեկեղեցականությանն այսպիսի վողորմելի միջոցով աջողվել ե արդեն բոլոր յերկրների և ժամանակների կղերին հատուկ քողարկված «սուրբ» ստեր ու խարդախություններ կուտակել ու նրանց շատությամբ մոլորեցնել նախապաշարված մարդկությունը և մի տեսակ կիսաստված դարձնել Գրիգորին իբրև հատուցում այն մեծ ջանքերի, վորոնց շնորհիվ Հայաստանը դարձավ քրիստոնյա պետություն։

Բայց այսքան անհունապես բարձրացված և փառաբանված գործիչի ծագումը մեզ կարող ե և չհետաքրքրել: Կարևորն այն չե, թե հույն եր նա արդյոք հայացած պարթև, թե մի ուրիշ ազգից ու յերկրից: Կարևորը նրա կատարած գործն ե։ Յեվ այս գործի գնահատության մեջ մենք այնքան ել անոգնական չենք։ Հենց այն պատմությունը, վոր հերոսացրել ու սրբացրել ե նրան, թաղելով նրա անձը հրաշքների հիացական որհներգների մեջ, նույն այդ պատմությունը, նույն այդ Ագաթանգեղոսն իր անվերջ շատախոսություններով մեզ շատ նյութ ե տալիս իմանալու համար, թե ինչ տեսակ եր Հայաստանը քրիստոնեյացնող Գրիգորը։

Ամենից առաջ տեսնում ենք վոր դա աղքատներից զրկվածների և առհասարակ խոնարհների հերյուրած Քրիստոսի խաղաղ ու հեզ աշակերտը չե, այլ յեկեղեցականացրած, այսինքն՝ ռազմականացրած, սուր ու հուր հագցրած Քրիստոսի մի անողոք և դաժան զորապետը վորի ձեռքում միայն մի միջոց կա՝ համոզելու և խոնարհեցնելու-զինական բռնություն։ Հայաստանի դարձի պատմությունը զինվորական արշավների մի պատմություն ե։