Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպառնայր զօրացն ոչ առնել այնպէս զքրիստոնեայոն որպէս վասն սպանութեան և գերութեան, իսկ նոքա ոչ անսային և ոչ լսէին հրամանի գլխաւորին իւրեանց»։

Վորքան և մեծ լիներ ավարառությունը, բայց նա չփչացրեց այնքան մտերմական կերպարանք ընդունած հայ–վրացական հարաբերությունները։ Առաջին պատճառն, իհարկե Վախթանգի անձնավորությունն եր և նրա հետ այն գործը, վոր արդեն մարմնացել եր Մռավ լեռան - Հայկական Սղնախի կերպարանքի մեջ։ Արդեն այդ բանակի գլխավորների նամակը ցույց եր տալիս, վոր վախթանգյան կազմակերպությունը սպասում եր ռուսաց կայսրի գալստյան, վորի համար Աստրախանում կատարվող շտապ պատրաստություններն, իհարկե, հայտնի եյին Այսրկովկասում։ Յեվ Յեսային ել, անշուշտ, լոկ ականատես լինելու բավականության համար չեր գտնվում Վախթանգի բանակում, այլ ընդհանուր խորհրդակցությունների և կարգադրությունների համար։ Առաջիկա գործի կարևորությունը բնական ե, վոր յեթե վոչ ջնջեր հայ գյուղերի թալանման տպավորությունը, մանավանդ վոր աղետը տեղի յեր ունեցել գրեթե Ղարաբաղի սահմաններից դուրս և այնպիսի գավառներում, ուր հայ ազգաբնակությունը մեծամասնություն չեր կազմում, հետևաբար թալանված ընդհանուր ազգաբնակության համեմատությամբ մասնավոր յերևույթի վիճակումն եր։

Ինքը Յեսային ել հաստատում ե մեր ասածը, հայտնելով, թե ինքն ել Վախթանգի հետ գնաց Թիֆլիս, ուր մնաց չորս ամիս։ Թեև իր «Պատմության» մեջ ասում ե, վոր դրա պատճառն այն եր, վոր յերկիրը մնացել եր «անտերունջ և անգլխավոր», այսինքն մատնվել եր անիշխանության, բայց Թիֆլիսից ոգոստոսին գրում եր Մինաս Վարդապետ Տիգրանյանին, թե յեկել ե Վախթանգի հետ խորհրդակցություններ անելու առաջիկայում գործելիքների մասին։ Իսկ գործերը, իսկ վոր, շատ խոշորացել եյին։ Վախթանգի արշավանքը Գանձակի վրա և լեզգիներին փախցնելը հասել եր Շահ-Հյուսեյինին՝ պաշարված Սպահանում, և այնքան ուրախացրել եր նրան, վոր նա նշանակել եր Վախթանգին Ատրպատականի բոլոր զորքերի գլխավոր հրամանատար և հրամայել եր նրան հաստատվել Գանձակում և պաշտպանել յերկիրը թշնամիներից։ Բայց Վախթանգին ուրախացնողն այս չեր, այլ Պետրոս կայսրի նամակը, վորով առաջարկվում եր նրան հոկտեմբեր ամսին գտնվել Շամախում իր զորքով՝ ռուսական բանակի հետ խառնվելու համար։