Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես այդ նույնն արավ, դարձյալ առևտրական կապիտալը՝ Արաքսի հովտից պոկել տանելու համար մի ուրիշ պարսկական մեծ բռնակալ, Շահ-Աբբասը, 17-րդ դարի սկզբում։

Հաշիվը միանգամայն անսխալ եր։ Հայաստանի կենտրոնի ժողովուրդը տկարացնելու, անարյուն դարձնելու ամենաիրական միջոցը նրա առաջավոր տնտեսական զարգացման աղբյուրը ցամաքեցնելն եր։ Հռոմեյական իրականությունը վերանում եր։ Շապուհ Յերկարակյացի զինվորները ճիշտ նույն վիճակը բերին Հայաստանի գլխին, ինչ Բարբարոսների արշավանքները հետևյալ հինգերորդ դարում բերեցին իրան՝ հռոմեյական կայսրության, ջնջելով նրա կապիտալիստական տնտեսությունը և յետ շպրտելով յերկիրը նորից դեպի ավատականություն։ Հայաստանն այս մեծ և աղետալի հեղաշրջումից ուշքի գալ այլևս յերբեք չկարողացավ։ Այնուհետև նա գերազանցորեն մի գյուղական աշխարհ եր. արոտային տնտեսությունն իջավ նաև այն հովիտներն, ուր դեռ ծխում եյին Նախճավանի, Արտաշատի, Վաղարշապատի, Յերվանդաշատի, Զարեհավանի, Զարիշատի և Վանի ավերակները։ Ավատական հեղափոխությունը կատարված, լրացած իրողություն եր, կալվածատեր իշխանները կազմակերպված դաս եյին դարձել և հավաքական կամք եյին ցուցադրում թագավորական իշխանության դեմ։ Հայ Արշակունիների վոչնչացումը դառնում եր ժամանակի հարց։

Այս մեծ իրարանցման միջից անվնաս դուրս եր գալիս Գրիգորի դինաստիան, չնայած վոր Շապուհ Յերկարակյացի արշավանքի քաղաքական գլխավոր դրդապատճառն եր այդ դինաստիայի հունամոլ քաղաքականությունը։ Ավատական հեղափոխությունից դժգոհելու նա վոչ մի առիթ չուներ, վորովհետև, ինչպես տեսանք, ավատականությունը նրա հարազատ տարրն եր, վորի հզոր նեցուկն ու պաշտպանն եր իբրև նրա առաջնակարգ մի ներկայացուցիչը։ Մամիկոնյանների սպարապետական տունը մնաց իր նախկին դիրքի և նշանակության մեջ, իբրև գլխավոր ղեկավար այն նախարարական ուժեղ կուսակցության, վորի շահերը կապված եյին Լուսավորչի տոհմի, հետևաբար և բյուզանդական որիենտացիայի հետ։ Իր ավատատիրական բնույթն և ավատակարգի ընդհանուր շահերի հետ մերված մնալու տրամադրությունը