Էջ:Khoja Capital.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նրա ամուսինը կարծես չեր ընդունում այդ դաշնագրի գոյությունը, թեև մյուս կողմից ընդունում եր և արտագաղթը։ Այս վերջինը, սակայն յերկրորդական նշանակություն եր ստանում, հայ զինվորությունը վոգևորում և իր դիմադրական համառության մեջ ամրապնդում եր կայսրուհու հաստատ և անվերապահ պատգամը՝ - պինդ կացեք տեղներդ, ահա ոգնական զորք եմ ուղարկում Վախթանգի և «ջնդրալ» իշխան Դոլգորուկովի հրամանատարությամբ։ Կա՞րող եր այս խոսքերից, այս անուններից հետո վորևե կասկած ծնվել առանց այն ել ծայրահեղ հավատով և վստահությամբ լցված կաթողիկոսների, մելիքների և յուզբաշիների մեջ։ Ղարաբաղի լեռներում բորբոքված հայ-թյուրքական պատերազմը պիտի այս բանից ավելի ևս սաստկանար։

Մենք տեսանք, վոր այդ պատերազմի հյուսիսային թևում ոսմանցիները գրավել եյին Գանձակը և այդտեղից աշխատում եյին խուժել Հյուսիսային Ղարաբաղի ներսը, բայց չեյին կարողանում կոտրել հայ զինվորության տոկուն դիմացկանությունը։ Միևնույն դրությունն ստեղծվում եր և Հարավային Ղարաբաղում կամ Ղափանում, ուր գործում եր Դավիթ բեկը։ Ոսմանյան զորամասերը Ղափան մտան 1726 թվականին Նախիջևանի և Որդուբաթի կողմից։ Այստեղ ել նույն լեռնային պատերազմի յեղանակը գրեթե միշտ հաղթությունը հայերի կողիքն եր պահում։

Ոսմանյան կառավարությունն, իհարկե, չեր կարող թույլ տալ այսքան յերկար հապաղում իր զորքերի առաջխաղացության մեջ դեպի կասպիական կարևոր ճակատը, ուստի վճռում եր միանգամից վերջ տալ հայերի ցուցադրած արգելքին՝ խոշոր զինվորական ույժեր կուտակելով հյուսիսում ել, հարավում ել։ 1727 թվականը վճռական եր հանդիսանում Լեռնային Ղարաբաղի ճակատագր կողմից։ Մենք այս վտանգի չափը կարող ենք մեզ ներկայացնել աչքի առաջ բերելով Դավիթ բեկի պատմության այն կտորը, ուր խոսվում ե այն մասին, թե ինչ տպավորություն թողեց յեիկրի հայ ազգաբնակության վրա միայն ոսմանյան բանակի տեսքը։

«Յայնժամ — ասում ե նա, – ամեն այն բնակիչք գաւառին առհասարակ խռովեցան, սասանեցան, թողին լքին զԴաւիթ և գնացին մտին ընդ լծովն օսմանցւոց։ Եւ մնաց միայն Դաւիթ եօթն և տասն սպառազէն արամբ ի յանապատն Հալիձորոյ, ուր կանգնեալ էր զանառիկ բերդն։ Ընդ նմա էին նաև երեք եպիսկոպոսունք Տաթևու և երկոտասան քահանայք, զհետ գնացին նաև Տէր Աւետիսն և Մէլիք Փարսադանն սակաւ ոմամբք, զի զօրք ամենեքեան թօթափեցան ի նոցանէ»[1]

  1. «Դաւիթ բէգ», եր․ 43-44