Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունենում այդ տնտեսական կարգի մեջ, արագ փոխվում եյին կռվի` ավատական գահերեցության տիրանալու համար։ Իսկ կռիվը կողմեր ե կազմակերպում և իրական ույժերի փոխհարաբերություններ ստեղծում։ Վարդանի կողմն ուժեղ եր։ Սահակ կաթողիկոսն այդ ժամանակ կենդանի չեր, բայց նրա անխոնջ հոգսերով պատրաստված հունամոլ հոգևորականությունը նրա սիրելի թոռան ամենագործունյա ոգնականն յեղավ, և այսպիսով ավատական պայքարին հաղորդվեց կրոնական հանգամանք։ Հակառակ կողմին, Վասակ Սյունու գլխավորությամբ, մնում եր, ըստ հին սովորության, հենվել Սասանյանների ույժի վրա գրգռելով նրանց ժառանգական կասկածը բյուզանդականության դեմ, մի կասկած վոր արդեն մի քանի անգամ հանգել եր հակաքրիստոնեյական հալածանքների, վորոնց զոհն եյին դարձել սիրիացիները։ Այժմ Սասանյան ֆանատիկոսությունը Հայաստանում եր ընդհարվում բյուզանդամոլ ֆանատիկոսության հետ և հայ հոգեվորականությունը գրգռում եր մի հախուռն և կորստաբեր ապստամբություն, դրոշակ ունենալով Սահակ Պարթևի թոռան։

Կղերական ապստամբությունը գիտեր, իհարկե, վոր իր դեմն ուներ ամբողջ ահարկու Իրանը, բայց մեծ հույս ուներ բյուզանդական ոգնության վրա, և Յեղիշեն բերում ե այն զարմանալի միամիտ նամակը, վոր ապստամբության առաջնորդները դրեցին Թեոդոս կայսրին և վոր կարող ե հայ կղերական դիվանագիտության առաջին գրավոր հաղորդադրությունը համարվել, ինչպես նաև նմուշ այն մեծագույն իմաստության, վորով նա կարծում եր իրան զարդարված ամեն ժամանակ, մինչև իսկ մեր ժամանակներում։

Ահա ինչ եր ասված այդ նամակի մեջ․

«Եւ մեք ի ձեր քաջութիւնն արիութեանդ խիզախեալ, Էր ինչ որ ընդդեմ դարձաք նոցա հրամանացն, և բազում այն է որ արդ առաջի պատրաստեալ եմք։ Ընտրեցաք զմահ աստուածպաշտութեամբ քան զկեանս ուրացութեամբ․ եթէ դուք ևս ի ձեռն առաջիր զմեզ, ահա կրկին կենաց դիպեցաք, և ոչ մի անդամ մահու։ Եւ եթէ սակաւիկ մի հեղդայք, գուցե բազում և այլ աշխարհաց հասանեցէ տապ բոցոյ սորա»։[1])

Դիմողները չեյին մոռացել նաև թվել հայ ժողորդի բարեմասնությունները։ Հիշեցնում եյին, վոր Հայաստանը մի ժամանակ հռոմայեցիների համար յեղել ե «մեծ և սիրելի դաստակերտ», վոր Տրդատը Հռոմի մեջ ե ապաստանվել և թագ ստացել, վոր քրիստոնեյությունն ել Հռոմի սուրբ յեպիսկոպոսից ե ստացվել Հայաստանում։

  1. եղիշէի վարդապետի Պատմութիւն Վարդանանց Թեոդոսիա 1861, յեր.109.