Հայ կղերական դիվանագիտությունը հայ պատմական բոլոր շարժումների մեջ կենտորոնական դիրք բռնած ամենաուժեղ գործոնն էր, անպատասխանատու, ինքնակամ մի կարգադրիչ ու հրամանատար։ Յեվ մենք ամենից առաջ այդ հիմնարկությունը պիտի մեր տեսության առարկա դարձնենք՝ նրա եյության հետ ծանոթանալու համար։
Առաջին անգամ մենք ենք, վոր ձևակերպում ենք մի այսպիսի արտահայտություն - հայ կղերական դիվանագիիտություն, իբրև մի անվանում, վոր, կարծում ենք, միանգամայն ի վիճակի յե բավարար կերպով բնորոշիչ լինելու հայոց պատմության մի չափազանց կարևոր առանձնահատկության. այդ այն իրողությունն է, վոր հայ ժողովրդի քաղաքական վիճակի տնորինումը, ասել է՝ նրա դիվանագիտությունը, նրա դիպլոմատիան հայ հոգևորականության ձեռքին է գտնվել, յեղել է նրա դասակարգային մենաշնորհը։
Այս խոշոր յերևույթը, վոր պիտի քննական գնահատման յենթարկվի, ինչպես ասվում է հասարակորեն՝ կարմիր թելի պես անցնում է մեր պատմության միջով, և յեթե պետք է վորոնել նրա տևողությունը, մենք կարող ենք ամենայն հեշտությամբ մատնանշել այն կետը, ուր վերջանում է այդ կարմիր թելը: Այդ՝ 1920 թվի նոյեմբերի վերջն է, յերբ Հայաստանի մի մասը, հազիվ ազատվելով համաշխարհային պատերազմի բերած ընդհանուր փլուզումից, մտավ խորհրդային հանրապետությունների Միության մեջ:
իսկ կարմիր թելի սկի՞զբը: Նրան դեռ պետք է վորոնել, և մենք կզբաղվենք այդ վորոնումով, առանց, սակայն, ընդարձակորեն մանրամասնությունների մեջ մտնելու։ Մեզ անհրաժեշտ է հիմնավորել «Հայ կղերական դիվանագիտությունը» տերմինի հաստատուն և տևական պատմականությունը։