Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտքով, բայց որտեղ. ցրթոնի տակ, կթրջվեն, կփչանա ցորենը։ Դատարկի մեծ կոտի մեջ. մենակ է, չի կարող... Նրան թվաց, թե ով-որ մոտեցավ ջաղացի դռանը, ոտնաձայն լսվեց, դուռը բաց անի, թե չէ... Ականջները սրեց Անտոնը, ձայն չկա. կարծես մի քանի հոգի թմփթմփալով անցան ջաղացի կտրով... Սա ի՞նչ փորձանք էր, որ իր գլուխն եկավ... Տեսիլքի պես երևացին ութ հոգի, որոնք մրջյունների նման շալակած իրենց բեռը բերին ու դարսեցին ահա այստեղ։ Խորհրդավոր լռությամբ դարսեցին ու հեռացան, չքվեցին, աներևույթացան։ Էլի գալո՞ւ են, թե ոչ... Արմենի անունը տվին, ուրեմն՝ բոլշևիկներ են... Զարմանալի է, որ դեռ թուղթ բերին, հիմի էլ ցորեն, սրանցո՞վ են կռվելու...

— Բաց արա դուռը, շո՛ւտ,— լսվեց դրսից։

Անտոնի լեզուն կապ ընկավ։ Նա մինչև անգամ չի էլ կարողանում հարցնի, թե ով է։

— Քեզ եմ ասում, շուտ բաց արա դուռը,— ստիպողաբար պնդեց ձայնը։

Անտոնի ականջները թշշում են, նա չի կարողանում ձայնից ճանաչել կանչողին։

— Քնե՞լ ես, թե քառացել, քեզ եմ ասում, Անտոն բիձա, դուռը բաց արա, ես եմ, Կուպրն եմ։

Անտոնը կարծես խոր քնի միջից նոր արթնացավ։

Դուռը անախորժ ճռռոցով բացվեց։ Իսկ որ Կուպրն է։

Ի՞նչ ես կարկամել, գլուխդ կորցրել, էդ ա՞ քու բոլշևնիկութի՞նը...

— Ես... ես...

— Դե՛սն արի,— հրամայեց Կուպրը։

Նա Անտոնի թևից քաշելով մոտեցրեց պարկերին, գրպանից մի դանակ հանեց կտրտեց պարկերի կարերը։ Ցորենն սկսեց հոսել գետնին։

— Ափ...ափ...սոս ա... — հազիվ արտասանեց Անտոնը։

— Սո՛ւս կաց, բռնի, դեսը դի էս յաշիկը, կրակից հեռու,— հրամայեց Կուպրը։

Անտոնը վերցրեց ցինկից շինած փոքրիկ արկղը, որ բավական ծանր էր ու մի կողմ դրեց։ Ամեն մի տոպրակից երկու նման արկղ հանեց Կուպրը։ Ապա նրանցից երեք հատ