Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչ պիտի պատահիլ, երկուսին էլ բռնել են, քիչ էր մնում ինձ էլ բռնեին, էնքան բախտս քաշել էր, որ տանն էի ու ղարավուլ չէի, հիմի եկա, թե քեզանից իմանամ գիշերս հո ջաղաց չե՞ն եկել տաքանալու։

— Չէ՛, չեն եկել, չեն երևացել, բայց մի ասա, ինչի՞ համար են բռնել։

— Էս գիշեր թուրքերի սահմանից մի չորս ակնանի ֆուրգոն, թե սել ա մտել մեր սահմանը, էդ սելը, թե ֆուրգոնը եկել հասել ա մինչև էն տեղը, որտեղ Միդին ու Չատին ղարավուլ են ու էլ ետ ա դառել, անփորձ անվնաս մտել թուրքերի մեջ։ Առավոտ լուսը դեռ չբացված կոմիտեն մարդ ա ղարկում, թե իմանա ղարավուլները հո քնած չեն։ Էդ մարդը գալիս ա ու նոր ձյունահետքերով գտնում սելի, թե ֆուրգոնի ական կտրած տեղերը։ «Ի՞նչ սել ա, ումն ա, ո՞նց ա եկել ու գնացել»,— հարցուփորձ են անում, էս Միդին ու Չատին ուրանում են, թե իրանք ոչ մի բան չեն տեսել։ Ետ են դառնում, գնում թուրքի սահմանը, էնտեղի ղարավուլներին հարցուփորձ անում, նրանք էլ են ասում, թե իրանք ճամփովն անցնող սել ու ֆուրգոն չէ, որ իսկի ծիտ էլ չեն տեսել: Հիմի բանն էն ա, որ թուրքի սահմանումը միշտ խումբի տղերանցից են ղարավուլ ելել, իսկ էս գիշեր, թարսի պես մեր էս մոտիկ Սիմլու գեղի տղերանցից երկու հոգի են ելել։ Նրանց էլ են բռնել, հրեն ղալամը նստած։ Փիս բանա ա դառնալու, փի՛ս,— գլուխը թափահարելով վերջացրեց Ավետիսն ու հոգոց արավ։

— Բա հիմի խելքդ ի՞նչ ա կտրում էս բանիցդ,— հարցրեց Անտոնն անհանգիստ։

— Ըսկի՛, վախում եմ տղերանցը` կոտորեն, զուր տեղը հետները չեկա, միտդ ա, երեկ գիշեր ինչ ճառեր ասացին հենց էս օջախի ղրաղի՞ն... Թամամ բոլշևիկի ճառեր... Ախր ասա քյասիբ տղա ես, քո ցավին կաց, ի՞նչ գործ ունես բոլշևիկի հետ, է՜... Դու ո՛վ, բոլշևիկն ո՜վ...

Իմ սրտին աղ ես արել,

Ջիգյարս դաղ ես արել,
Ինձանից հեռացել ես–

Ինձ բեդամաղ ես արել: