Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանչում է, որ մոտենան, մի բան ասեն, լսող չկա շտապում են։ Բայց ահա երևաց մի սայլ, որի վրա յափունջով ծածկված վիրավորներ կան։ Սայլը կանգ է առնում ջաղացի դիմաց, մեկը վազում է Անտոնի մոտ. Միկիչն է։

—Մի ածխակոթ տու, կրակ անենք յարալուները քիչ տաքանան,— ասում է Միկիչը։

— Քանի՞ հոգի են։

— Չորս։

— Սպանված մարդ կա՞։

— Երկու հոգի։

— Ո՞վ են։

— Մինը ձեր գեղացի ա, հինգ երեխի տեր մի տղա։

— Էնդուր են ասել թե՝ գելն ընկավ ոչխարի սյուրուի մեջ, վայ մեկի տիրոջը...

— Էս գիշեր քեզ մոտ մարդ կգա, պատրաստ կաց։

— Լավ։

Միկիչը գնաց, կրակը տարավ․ դիմացի շևուտումը կրակ արին, սայլը մոտ քաշեցին, որ վիրավորները քիչ տաքանան։ Անտոնը փարչը ձեռին գնաց նրանց մոտ, վիրավորները ծանր են, կարող են մեռնեն։ Հայհոյում, անիծում են կռիվը։ Սայլը ճանապարհվում է։ Անտոնը կրկին վերադառնում է ջաղացը, նա զանազան ծրագրեր է քաշում, ծանր ու թեթև անում դրությունը։ Հեռվում նորից սկսվում է կռիվը։ Անտոնը լարված ուշադրությամբ հետևում է, ոչինչ չի կարողանում տեսնել։ Երկինքը նորից ամպակալեց, մութը շուտ վրա հասավ։ Անտոնը կրակ է արել ջաղացում և սրտատրոփ սպասում է, թե երբ և ով է գալու։ Նինջը մառախուղի պես պատել է նրա գլուխը, որը հետզհետե ծանրանում է, քնի գիրկն է ընկնում։ Գլուխը կշեռքի նժարի պես բարձր ու ցածր է անում․ հրացանների ու թնդանոթների դղրդյունին սովորել է ականջը, բայց եթե ընդհատվի այդ որոտը, նա իսկույն կարթնանա, ճիշտ այնպես, ինչպես քանի ջաղացաքարը պտտվում է ու աղմկում, ջաղացպանը հանգիստ քնած է, բայց հենց որ կանգ առնի, նա իսկույն կարթնանա։

— Անտոն բիձա, դուռը բաց արա,— մեկն շտապ ձայն է տալիս դրսից։