— Անտոն պա՛պ...— թրը՛խկ, թրը՛խկ...— Անտոն պապ, բաց արա դուռը, ցուրտ ա...
— Ո՞վ էս, ինչ մարդ ես, էս կեսգիշերին ի՞նչ բան ունես դուրսը, ի՞նչ գործ ունես իմ ջաղացի դռանը,– տեղից ելնելով ասաց Անտոնն ու նիգը ձեռքին ամուր բռնած մոտեցավ դռանը։
— Բա՛ց արա, բա՛ց, Անտոն պապ, բա՛ց արա, հետո ամեն բան կպատմեմ,— ստիպողաբար պնդեց ձայնը։
«Ով կուզի թող լինի, ինչս ա տանելու»,— մտածեց Անտոնն ու դուռը գռռալեն բաց արավ։
Երկու հոգի շտապ ներս մտան։ Անտոնը մթության մեջ հազիվ նշմարեց նրանց բոյ ու բուսաթը և նկատեց, որ զինված են։ Անծանոթները մոտեցան կրակին և սկսեցին ձեռները տաքացնել։ Անտոնն ուշի—ուշով դիտում էր նրանց, հազիվ մխացող կրակի լույսով ու չէր իմանում ինչպես սկսի խոսակցությունը։ Երևում էր, որ եկվորները հեռու տեղից են գալի, շատ ցեխոտված ու հոգնած են, բայց թե ինչու ձիով չեն, չէր հասկանում։
— Ձի ունե՞ք, թե ոտով եք եկել... ի՞նչ կա էս սև հարամի գիշերին, որ տանից դուրս եք եկել չոլերն ընկել։ Մեր կողմի մարդ չեք երևում, որտեղա՞ցի եք,— խոսք բաց արավ Անտոնը...
— Ոտով ենք եկել, ա պապ, ընկերս էս տեղերին քիչ ծանոթ է, սա բերեց հասցրեց էս ջաղացին։ Մենք Բաքու ենք ապրում։ Իմ պապն էս մոտիկ գյուղացի է, բայց ես նրան չեմ տեսել, չեմ ճանաչում, ես մի քանի ամսական երեխա եմ եղել, որ հերս ռուս—ճապոնական կռվումն սպանվելուց հետո, մայրս թողել է պապիս տունը, ու ինձ հետն առել, Բաքու տարել...
Ու դեռ խոսքը չէր վերջացրել երիտասարդը, երբ հանկարծ Անտոնը բարձր հեկեկանքով «վա՜յ, բալա ջա՛ն» գոչեց ու ընկավ նրա գիրկը։
Վարար արցունքներն առատորեն հոսում էին Անտոնի աչքերից, երեխայի նման հեկեկում էր, արցունքներով ողողելով իր թոռան գոգը։
— Արի՝ մի աչքերդ պաչեմ, բալա ջա՛ն, ա՜յ իմ կորած բալա, ա՜յ իմ մինուճար որդի... Անտոնին թաղի ու էնպես