Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կուպրը ձեռքով-ոտքով հասկացրեց, որ չխանգարի իրեն։ Նա պկուն բերնին դրած, թշերն ուռցրած բլդուղ—բլդուղ անելով փչում էր, աչքերը շուռ ու մուռ տալով։

— Ա, տափը մտած, պրծնելո՞ւ ես, թե չէ...

— Պրծա՛, — պկուն բերնից հանելով ասաց Կուպրը,— հիմա իմացա՞ր։

— Հա, լավ ես ածում, թամամ զուռնաչու պես։ Բա ետո՞վ...

— Ետով... Ընկնես մի փետով։ Դե՛, թե տղա ես, մնացածն էլ դու պատմի։

— Ասում էիր բռնոտել են հարսանքավորներին։

— Բռնոտե՜լ... մենակ բռնոտելը գիտաս, բա պկուս էս ինչի՞ համար փչեցի։

— Ես ի՞նչ գիդամ։

— Փչեցի, որ իմանաս, թե հենց որ հարս ու փեսան իրար կուռ ընկած գնում են, թե ժամը մտնեն, պսակվեն, վարժապետ Մեխակը մի քանի զինվոր ա հավաքում, գալի, հարսանքավորներին ղալ անում[1] ու բռնոտել տալի։ Հարսը մնում ա լողացրած, հա՛, հա՛, հա՛, հա՛...

— Պատճա՞ռը...

— Գնա Մեխակ վարժապետին հարցրու։

— Էլի՛, կիմանաս։

— Կիմանա՞մ... կիմանամ, բա՜ս, կիմանամ... էս ցավին ես ո՞նց դիմանամ... էդ թղթերի մեջ, ասում են մեր հիմիկվա խմբապետ-կառավարութենին հակառակ բաներ կա գրած, գրողն էլ բոլշևնիկն ա, գիդա՞ս, ինչ բան ա բոլշևնիկը...

— Չէ՜։

— Բոլշևնիկն ինձ նման անտեր-անտիրական կուպրերի կառավարութինն ա, ես նրա հոգուն մատաղ, թող հալա մի գա...

— Հա, տա որ եկավ, քեզ թախտի վերի ծերին են նստեցնելու, էլի, — հեգնեց Անտոնը։

  1. Ղալ անել — շրջապատել։ Ղալի մեջն անել — շրջանի, կլոր ցանկապատի մեջ անել։ «Հորթերը ղալն արին»։