Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ կտանես կտաս կոմիտեին, կասես Կուպրը քեզ տվուց, ես շաշ գլուխս կազատեմ, համա դու քո խելոք գլուխը կրակը կգցես։

— Կա՛ց, կա′ց, գալիս եմ, ա′յ Կուպր, տափը մտած, գամ տենամ էլ ինչ ես ասում,— ասաց Միդին ու քայլերն ուղղեց դեպի Կուպրը։

Անտոնը երկար նայեց հեռացողների ետևից, ապա մտքերի ծովն ընկած, գլուխը թափահարելով ետ դարձավ՝ մտավ ջաղացը, մի լավ ծրագրելու համար, թե ինչպես անի, որ գիշերը Արմենի մոտից եկող մարդը ծուղակը չընկնի։

IX

Գիշերը վրա հասավ։ Անտոնը բուխարու մոտ նստած մտքերի հետ կռիվ տալով երբեմն ննջում էր, երբեմն վեր թռչում սարսափած, թե չլինի եկողն արդեն եկել է, իսկ որ գլխավորն էր, նրա մտքից չէր հեռանում Կուպրը։ Ախր ո՞վ է Կուպրը, ի՞նչ կապ կարող է ունենալ նա բոլշևիկների հետ։ Ճիշտ է, նա շատ քաղաքներ է ման եկել, շատ մարդ է տեսել, բայց շաշը ինչքան էլ ման գա, ինչքան էլ բան տեսնի, էլի էն շաշը կմնա, էս մեկ, երկրորդն էլ բոլշևիկը նոր բան է, Կուպրը շատ ջահել ժամանակներն է քաղաքից քաղաք պտտել, սրա–նրա մոտ աշկերտություն արել կամ տանը ծառայել։ Գլխին էնքան բամփել են, որ էլ մեջը բան կմնա՞ր... Միգուցե շաշ չի, սուտ շաշ է ձևացնում, որ սրա–նրա աչքերը կապի...

Անտոնն էսպես վերլուծում էր Կուպրի անցյալը, ներկան, նրա ասածներն ու պարերը, մտքում նրա արարքները բաժանում էր լավի ու վատի, խելոքի ու հիմարի և չէր կարողանում որոշել, թե որն է շատ, որ կողմն է գերակշռում։ Ահա էս տեսակ մտածմունքների մեջ էր, երբ դուռը թակեցին։

— Ո՞վ ես,— սրտի ուժգին բաբախումը հազիվ կառավարելով, տեղից վեր թռավ Անտոնը։

— Ես եմ, Անտոն բիձա, դուռը բաց արա։

Միդին էր։