Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ախպեր, ով որ ես, ամոթով եմ մնալու քեզ մոտ, կարող ա սոված ըլես, համա ուտելու բան չունեմ։

— Վնաս չունի, Անտոն բիձա, թուրքը մի խելոք խոսք ունի էդ մասին, ասում ա՝ «ուշ եկած ղոնաղն իր ջեբից կուտի»։ Հրես ջաղացն ալիր կանի, դու էլ կրկենի կթխես, կուտենք։

— Դու իմ ով ըլելը հարցրիր, ախպեր, հարցնելն ամոթ չըլի, անումդ ինչ ա, ո՞ր գեղիցն ես,– հարցրեց Միդին։

— Անունս Արսեն ա, դովշանլվեցի եմ, մի անհայտ մարդ եմ, որ մեր գեղումն իսկի ինձ մարդատեղ դնող, տեղս հարցնող չկա։ Էդ ինչ դու քիչ առաջ պատմեցիր բոլշևիկի թռուցիկի մասին, էդ թռուցիկները մեր գեղն էլ ա հասել, էնտեղ էլ են ղարավուլ դրել գեղի մեծ ճամփի վրա...

— Խալխն ի՞նչ ա ասում, խա′լխը, — խոսքն ընդհատեց Միդին։

— Ի՞նչ պտի ասիլ, շատ համաձայն են գրածների հետ։

— Հրետ էդ եմ ասում, է՜... Մի հալա մեր գեղացոնց էլ հարցրու դիփ բոլշևնիկ են դառել,— ոգևորված ասաց Միդին։

— Երևում ա, որ դու էլ ես բոլշևիկ դառել, մեր տղա, եկել ես, թե բոլշևիկ բռնես,— հեգնեց Արսենը։

— Ես թե էս ուր եմ եկել, հրես քիչ հետո դու կիմանաս, կաց մի մեր Կուպրը գա,— քիչ նեղացած պատասխանեց Միդին։

— Կո՜ւպրը... Հա′, հա′ , հա′... Նա ի՞նչ բան ունի ստեղ, էն շաշ, ծալը պակասը...

— Խի՞, Կուպրին դու էլ ես ճանաչո՞ւմ,— զարմացած հարցրեց Անտոնը։

— Կուպրին ո՞վ չի ճանաչում, մի շաշ ա, մի սաղ երկիր։

— Շաշ գիտեք, է՜, ամենքդ էլ, մի էսօր հետս ըլեիր ու տեսնեիր ինչ բաներ ա պատմում, մարդը թամամ խելոքա, թամա′մ, քիչ էլ չի...

— Թե ձեր խելոքը նա յա՜, վայն եկել ա, ձեր գեղի գլուխը տարել,— քմծիծաղելով ասաց Արսենը, ապա դարձավ Անտոնին, — Անտոն բիձա, տե′ս, աղունը կպրծնի, ջուրը կտրի, խմոր հունցի, կրկենի թխի։