Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կուպրը մեզ լավ ա ճանաչում. ասենք նրա թաթա տալն[1] էլ իր օգուտն ունի։ Գեղացին որ տենաս իրեն համար օգուտավոր բանից փախչում ա, չի հասկանում, բեյինը չի մտնում ասածդ, մի կողմից էլ պետք ա զոռով, ստիպելով, ետևիցդ քաշ տաս, մինչև իր աչքովը տենա լավն ու վատը, որ նոր խելքը գլուխը հավաքի ու ոնց որ ասած ա, հասկանա թե՝ եղը մածնիցն ա դուրս գալի, դու խոսքդ շարունակի, թե էսօրվանից դենը ո՞ւր ենք գնալու, ի՞նչ ենք անելու:

— Ձեր հերթական անելիքների մասին դուք ամեն օր կիմանաք ընկեր Վարթևանից, որը մեզ հետ կապ կպահպանի շարունակ, իսկ առայժմ, դուք ձեզ պես չքավորների հետ կխոսեք, նրանց տրամադրությունները կիմանաք, կամաց-կամաց կկազմակերպեք, կջոկեք հավատարիմներին, որ հաստատ համոզված լինեք, թե գործից չեն փախչի, չեն դավաճանի, բայց այս ամենը, իհարկե, էնպես, սովորական խոսք ու զրույցի միջոցով, որ ձեզ վրա չկասկածեն։ Հենց որ կնկատեք, որ այս կամ այն գյուղացին ձեզ հետ լիովին համաձայնում է, իմաց կտաք Վարթևանին, որը ձեզ անհրաժեշտ ցուցմունքներ կտա։

— Էս ասենք, թե խոսեցինք, համոզվեցինք, բա կռվի բանը ո՞նց պտի ըլիլ, վերջանալու ա, թե չէ, ախր տուններս քանդվում ա։ Ադրբեջանը ճամփեքը կապել ա, էնտեղ էլ, մենք իմացել ենք, որ բոլշևնիկի կառավարութին ա, մուսավաթն էլ կա ոչ, դե ճամփեքը բաց անեն, էլի, մենք էլ ենք գյուղացի, նրանք էլ, ի՞նչ կըլի, որ ճամփեքը բաց անեն, հալալ ապրենք, քանս հացից էլ ենք զրկվել չայ-շաքարից էլ, նորից էլ, ճոթ ու կտորից էլ։

— Շատ լավ ես ասում, ընկեր Միդի, մենք էլ հենց դրա մասին ենք մտածում, բայց ձեր հիմիկվա կառավարությունն էլ նրանց ճամփեքն ա փակել, խեղճերը ո՛չ կարողանում են սար բարձրանան, ո՛չ էլ կարողանում են էս անտառներից փայտ տանեն վառելու համար, դե ձեր կառավարությունից պահանջեցեք, որ ինքն էլ նրանց ճամփեքը բաց անի դեպի սարերը...

  1. Թաթա տալ — սպառնալ։