Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հերոսի նման երազում երևացել ու անհետացել է... Բայց չէ՞ որ եկավ, ինքն իր աչքով տեսավ, ձենն էլ իր հոր ձենի նման էր, հապա Արսենը, հապա փամփուշտ բերող տղաները...

Գյուղ մտան։ Անտոնին առաջներն առած տանում են դեպի Սոլոմոնի տունը։ Ա՛խ, այդ տունը... Ինչո՞ւ քարուքանդ չի լինում, որ Անտոնն էլ տեսնի, քանի՜-քանի՜ վիշտ ու տառապանք է պատճառել նա ինչպես Անտոնին, այնպես էլ ուրիշներին։ Սոլոմոնը ձեռները մեջքին կանթած կանգնած է պատշգամբում։ Էն ո՞ւմ հետ է խոսում ու փառ-փառ ծիծաղում... Ավետիսն է։

— Բարով, հազար բարի ես եկել, այ իմ գլխի տեր, իմ թագավոր, արի երեսս ոտիտ տակ դնեմ,— վերևից ծաղրանքով ասում է Սոլոմոնը։

Անտոնը լուռ կանգնած է ներքևում, գլուխը կախ, ընկճված, բայց կուրծքը զայրույթով լի։ Վահանը հրամայում է Մուշեղին ու մյուս երկու «տղերանցը» զինաթափ անել։ Նրանք զենքերն առնում են ձեռներից և քշում դեպի տան ներքևի հարկը, նկուղը։

— Բարձրացի՛ր շտաբը,— հրամայում է Անտոնին նույն Վահանը։

Անտոնը ոտները հազիվհազ քարշ տալով վեր է բարձրանում։ Պատշգամբի ծայրին նրան դիմավորում է Սոլոմոնը։

— Վախես ոչ, քանի ես սաղ եմ, քու մազին չեն դիպչիլ, մենակ թե ամեն բան դրուստ խոսա։ Տես, սուտ բան չասես, միևնույն ա, մենք ամեն բան գիտանք, լավն էն ա, ինքդ ամեն բան դուզ ասես, կաշիդ թափես մաշկելուց։

Անտոնը ոչինչ չի պատասխանում, լուռ ներս է մտնում սենյակը։

XII

Պատերն ամբողջովին գորգով պատած մի սիրուն ու լուսավոր սենյակ է. առաստաղից կախված է մի լամպ, երկու երկաթե մահճակալ աբրեշումե անկողիններով ու ձյունի պես սպիտակ բարձերով դրված են պատերի տակ։ Պատերին զանազան նկարներ կան կախված։ Սենյակի մեջտեղը