են կապված, թե ուտելու բան ունես տանդ, կգան, կուտեն, կխմեն, բարեկամութինդ էլ պինդ կըլի, թե որ չունես, ինձ նման կըլես, ամենքի աչքիցն ընկած, մոռացված, էս աշխարհում կաս, թե չկաս, մին ա։ Դե՞, ես որ տուն էլ չունեմ, բարեկամ-ազգական որտեղի՞ց ունենամ...
— Հապա ասում են մի բոլշևիկ թոռ ունես, որ մեր դեմ կռվում է։
— Շատ բան են ասում, կարա՞մ մի հազար փութ բամբակ դառնամ, ասողների բերանը փակե՞մ... Քու մասին էլ են շատ բան ասում, թե փիս մարդ ես, քյասիբի արին խմող, հետդ խոսիլ չի ըլիլ, հավատա՞մ... Հրետ մարդավարի հետս զրից ես անում։
— Ուրեմն սո՞ւտ է, դու թոռ չունե՞ս։
— Ինձ համար սուտ ա, թե դու հավատում ես, քեզ համար էլ ղորթ ա, հալբաթ։
— Լսի՛ր, ծերո՛ւկ, ես չեմ կամենում քեզ տանջեմ կամ խիստ միջոցների դիմեմ, որ ասես ճշմարտությունը, եկ թող խոսակցությանդ այդ ձևը, պատմիր այն ամենը, ինչ կատարվել է վերջին ժամանակներս քո ջաղացում։
— Դե՛, ինչ գիդամ՝ էն էլ ասում եմ, էլ ինչպես պատմեմ, որ հավատաս կամ ի՞նչ ասեմ, որ քու ուզածն ըլի։
— Քու ջաղացում ի՞նչ են խոսացել ձեր գյուղացի Միդին ու Չատին։
— Շատ բան։
— Նրանք բոլշևի՞կ են։
— Ես ինչ գիդամ, իրանց հարցրու։
— Նրանք մեր կառավարությանը չե՞ն հայհոյել։
— Ես չեմ իմացել։
— Իսկ եթե վկա լինի, այսինքն՝ մի մարդ լինի, որ հաստատի, թե դու ջաղացումդ նստած, հենց քո ներկայությամբ, էդ Միդին ու Չատին գովաբանել են բոլշևիկներին ու մեզ հայհոյել, ի՞նչ կասես։
— Ի՞նչ պետք ա ասեմ, թող գա, տենամ էդ ով ա, որ ստեր ա մոգոնում։
— Բոլշևիկների թռուցիկը որ բռնվել էր, աոաջին օրը ովքե՞ր էին մեծ ճանապարհի վրա պահակ կանգնածները։
— Միդին էր, Չատին, մին էլ Ավետիսը։