— Գալու կարիք չկա. միտդ կպահես անունը, հետո մեզ կհայտնես։
— Աղա, լավ չի՞ ըլիլ, որ մի գիր իմացող տաք ինձ, գա ինձ հետ ջաղացումը նստի ու ցուցակ կազմի... Համ ինձ կազատեք կասկածից, համ էլ ձեր հավատարիմ մարդն ինչ– որ տենա, կգրի, կպահի։
— Ուրիշ խոսքով քարտուղար ես ուզում, էլի՜։
— Ասածդ չհասկացա։
— Տո′, հարամզադա, ո՞վ ա իմացել, որ ջաղացպանը պիսեր ունենա,— հասկացրեց Սոլոմոնը։
— Աղա խմբապետ, եկեք ինձ ազատեցեք էդ ջաղացից, պահեցեք ձեր կշտին, ուզում եք շան տեղ էլ քարշ տվեք, մենակ թե ազատեցեք ինձ էդ խաթից։
— Չի՛ կարելի․ դու պետք է մնաս ջաղացում։
— Լավ, թող ձեր հրամանն ըլի։
— Դե՛, գնա՛։
— Բա պիսերը։
— Էդ մեր գործն է, մենք կկարգադրենք։
Երբ Անտոնը ցած իջավ բակը, նրա առաջը կտրեց Ավետիսն ու ասաց.
— Անտոն, գնա ու շնորհակալ մնա քու բախտից, գնա ու Սոլոմոնի համար աղոթք արա, որ մարդը սաղ գիշեր քեզ համար չալիշ եկավ, որ ազատի։
— Շատ շնորհակալ եմ քեզանից էլ, Սոլոմոնից էլ։ Սոլոմոնին կասես, թե նրա արած լավութինը մոռանալ չեմ, թե սաղ մնամ մեկին տասնապատիկ ետ կտամ։
Թեև խավար էր, գիշեր, բայց պատահած դեպքի առիթով գյուղացիք քուն չէին մտնում, ամեն մեկն իր դռանը պահապան է կանգնել հրացանը ձեռին։ Անտոնն անցնում էր գյուղի ծուռումուռ փողոցներով, լուռ, անխոս, գլուխը կախ։ Երբ մեծ ճամփան ընկավ, նրան կանգնեցրին պահակները։ Ենթադրելով, թե փախել է գոմից, ուզեցին ծեծել։ Անտոնի տված բացատրությունները նրանց չբավարարեց, ուստի իրենցից մեկին ուղարկեցին շտաբ, որ ստուգեն իսկությունը։ Պահակներից մեկն էր միայն Անտոնի գյուղից, մյուսներն օտարականներ էին, եկվոր «խմբի» տղաներից, որոնց