Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեև զինվորների տարազը խառն էր՝ կես-անգլիական, կես-իտալական։ Խառն էին նաև հրացանի տեսակները։ Անտոնը պատահած զինվորին հարցուփորձ էր անում, տրամադրությունները շոշափում, թե որքան լարված են բոլշևիկների դեմ, կամ՝ որքան տրամադիր են կռվելու։ Անտոնը մի բան պարզեց, որ զինվորների մեջ բավականաչափ հակակառավարական տրամադրություն ունեցողներ կան, որոնց զենքի ուժով են քշում դեպի դիրքերը։ Մինչև անգամ մի զինվոր գաղտնի կերպով հայտնեց Անտոնին, որ իրենց մեջ կան բոլշևիկներ, որոնք կռվի ժամանակ մտադիր են անցնելու բոլշեվիկյան կարմիր բանակի կողմը։ Անտոնն այս տրամադրությունները ևս հայտնեց զենք բերող տղաներին, որոնք մի կապոց թռուցիկ տվին Անտոնին, զինվորների մեջ գաղտնի տարածելու համար։

XIV

Երկինքը ձյուն էր մաղում. առաջին ձյունն էր։ Ցերեկը քամին սրբել էր, մաքրել գետինը, որ ձյունի թիթեռների ճերմակ թևերը չկեղտոտվեն։ Օդը խաղաղ էր այժմ, երկնակամարը մոխրագույն հոնքերը կիտած՝ այնպես էր փակել սար ու ձորի բերան, որ ոչ մի տեղից քամի չփչի։ Գիշերը խորհրդավոր էր, լուռ, խավար, միայն հետզհետե ճերմակող գետինն էր լույս տալիս ու ժպտում, կարծես ուրախանալով, որ այնպես մաքուր ու ճերմակով են ծածկում իրեն, այնպես փափուկ շոր են գցում վրան, որ չմրսի։

Հեռվում մի հրացան պայթեց, որի ձայնը խանգարեց բնության անդորրությունը, կարծես մի նեղ ու մութ տեղից ազատվեց մեկը, սուր սուլեց, ու վզզաց դեպի անհայտ տարածություն։ Մահացու գնդա՞կ էր արդյոք, որ վրիպեց, թե հենց անզգուշության հետևանքով արձակված մի հրացան կամ գուցե ազդանշան էր...

Բայց ահա մի երկրորդ ձայն, երրորդը, չորրորդը... ապա համազարկեր... Անտոնը բարձրացավ ջաղացի կտուրը, աչքերը սրբեց, ոչինչ չի տեսնում, նա ուժ տվեց ոտներին և բարձրացավ դիմացի բլուրը։ Հեռվում, ուր սահմանն է,