Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համեմատ։ Նա իջնում է ցած՝ ուզում է միանալ եկվորներին, գտնի իր Արմենին, համբուրի նրա ճակատը...

Ջաղացում անսովոր իրարանցում կա։ Գերիներին լցրելեն ներս ու դռանը պահակ կանգնեցրել, բերում են նորերին։ Անտոնն ուրախությունից ինչ հարցնելը չգիտե։

— Կեցցե′ Խորհրդային իշխանությունը։

— Կեցցե′ Լենինը։

— Կեցցե՛ կարմիր բանակը։

Իրար ետևից լոզունգներ են կանչում ազատագրված սարերին ու ձորերին, եկողների «ուռռա»–ները թնդում են։ Ցնծության աղաղակները կպչելով ժայռերին ու խոր ձորերին, ետ են արձագանքում, կարծես իրար նետելով «ուռռա»–ն, որի «ա» հնչյունը լցրել է օդը բազմաթիվ «ա»–երով՝ ա՜...ա՜...ա՜...ա՜...

Արևելքում երկինքը ետ է քաշել ամպե քողը․ օրը լուսանում է։ Կարմիր բանակը միացած տեղական բոլշևիկ գյուղացիների հետ, շարունակում է հետապնդել փախչող թշնամուն, որ քշի, սրբի, նրա ոտը կտրի երկրից։ Զուռնայի ու թմբուկի ձայնն է լսվում Անտոնենց գյուղի կողմից։

— Շտաբը գրավված է,— աղաղակում է մեկը հեռվից։

Գալիս են, միանում, ուրախությունից իրար գրկում, համբուրվում, ոմանք շատ հուզվելուց արտասվում են, կան պարողներ էլ։ Աղմկում են, թռչկոտում։

Ինչպես գերիները, նույնպես և զորքը շարժվում են դեպի «շտաբի գյուղը»։ Անտոնն այնքան է շշմած, որ մոռանում է հարցնել, թե ո՞ւր է Արմենը, իր թև ու թիկունքը, խալխին ցավից ազատողը։ Բայց նա հանկարծ հիշում է Սոլոմոնին, զայրույթը խփում է նրա գլխին։

— Սոլոմոնը որտե՞ղ ա, Սոլոմոնը, բռնե՞լ եք, թե փախել ա...

Պատասխան տվող չկա։ Անտոնը հևիհև վազում է դեպի գյուղ․ նա և′ ուրախ է, և′ մտահոգ, թե չլինի Սոլոմոնն ազատվել է, փախել։

Գյուղն իրար է անցել, գոռում-գոչումը մարդ է խլացնում։ Սոլոմոնի տան չորս բոլորը խմբված են գյուղացիներ, մարդիկ, որոնք իրենց օրում գյուղի գործերին չեն խառնվել, սրա–նրա տանը հացփոր նոքար են եղել, լեզուներն իրենց