Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որից Կիկոսը ոչինչ չհասկացավ։ Պոպոզավոր մարդը նորից բղավեց, բայց Կիկոսն էլի չհասկացավ. նրան թվաց, թէ տեսիլքի մեջ է։ Իր օրումն էդպես պոպոզավոր ու երկար, կախ ընկած ականջներով, գլխարկով մարդ չէր տեսել։ Պոպոզավորը հրացանի ծայրն է՛լ ավելի մոտեցնելով Կիկոսի կրծքին, երեսը շուռ տվեց ու բարձր ձենով կանչեց, որի վրա մի քանի ուրիշ պոպոզավորներ էլ վրա վազեցին։ Նրանք իրար հետ ինչ-որ անհասկանալի լեզվով խոսեցին, որից հետո մեկը մոտենալով Կիկոսին՝ հայերեն հարցրեց.

— Ա՜յ մարդ, հա՞յ ես...

Կիկոսը ոչինչ չկարողացավ պատասխանել։

— Քեզ հետ չե՞մ, ա՛յ մարդ, ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, անունդ ի՞նչ է։ Ի՞նչ ես պապանձվել,— բարձր ձենով կրկնեց պոպոզավորն ու թափ տվեց Կիկոսի ուսը։

Կիկոսը երազից վեր թռածի պես հազիվ կմկմաց.

— Թվանքը դենը պահեցեք, վախում եմ...

— Դե դու էլ, թե հրացան կամ մի ուրիշ զենք ունես, դեն շպրտի։

— Ես մի զադ էլ ա ունեմ ոչ, ինձ սպանիլ միք...

— Բա որ զենք չունես, էս դիրքում ինչ ես շինում։

— Ըսկի՛... հրամայել են, ես էլ եկել եմ կռիվ...

— Դե տեղից վեր կաց։

— Ըհը՜— ասաց Կիկոսը ու օրորվելով տեղիցը կանգնեց։

— Դե առաջ անցիր,— հրամայեց պոպոզավոր հայը։

— Ձեզ մատաղ, ինձ սպանեք ոչ...

— Մի՛ վախենա, ոչինչ չենք անի, առաջ շարժվիր։

Կիկոսին առաջներն արած՝ պոպոզավորները տարան մեծավորի մոտ։

— Ընկեր հրամանատար, սրան դիրքում գտանք,— ասաց պոպոզավորը մեծավորին։

— Անունդ ի՞նչ է,— հարցրեց մեծավորը։

— Կիկոս, Կիկոս են ասում ինձ... Թոփալանց Մակիչի տղա Կիրակոս... ես մի անշառ մարդ եմ, ինձ սպանեք ոչ։

Մեծավորը կարգադրեց, որ Կիկոսը նստի, մի թուղթ գրեց, տվեց մի պոպոզավորի, որն իսկույն վազեց։ Քիչ հետո երեք հոգի եկան, որոնք Կիկոսենց գյուղիցն էին, բայց