Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ափիցար աղեն, երևում էր՝ շատ էր բարկացած. նա սենյակը չափողի նման մի անկյունից մյուսն էր գնում-գալի ու պապիրոսը պապիրոսի ետևից վառում, իսկ սեղանի մոտ նստած մի զինվոր համ գրում էր, համ էլ մեկ-մեկ գրիչը պահելով նայում Կիկոսին, նրա պոպոզին, ճակատի կարմիր աստղին ու գլուխը կամաց թափահարելով, շարունակում գրել։

Կիկոսն ապշած, արմացած-պելացածի պես կանգնած էր ու մտքում ինքն իրեն ասում էր. «Վա՛յ քու տունը քանդվի, Կիկոս, ի՞նչ թե քու օրն էլ էստեղ էր հատե՜լ... Սիբիր են քշելու, Սիբի՛ր...»։

Ափիցար ադեն մի քիչ կարծես հանդարտվեց. մոտ եկավ, Կիկոսին մի լավ տնտղեց, բոյ ու բուսաթն աչքով չափեց ու մոտենալով գրասեղանին, գրպանից ատրճանակը հանեց, դրեց սեղանին, գրագիր զինվորին պատվիրեց, որ թուղթն ու գրիչը պատրաստ անի, ապա դարձավ Կիկոսին.

— Տեսնում ե՞ս այս ռևոլվերը, սրա մեջ յոթ փամփուշտ կա, եթե սուտ խոսես՝ յոթն էլ կդատարկեմ սրտիդ մեջ. իմացա՞ր... դե, ասա անուն-ազգանունդ:

Կիկոսը լուռ էր, նա զարհուրանքից գլուխը կորցրել էր։

— Ի՞նչ ես պապանձվել, քեզ չեմ հարցնո՞ւմ, ասա իսկույն անունդ ու ազգանունդ:

— Ես Կիկոսն եմ,— հազիվ պատասխանեց խեղճը, թուքը կուլ տալով։

Իսկ ազգանո՞ւնդ...

Կիկոսը չհասկացավ, թե ինչ է հարցնում, կմկմալով պատասխանեց.

— Գիտեմ ո՜չ...

— Ինչպե՞ս չգիտես, դու քո ազգանունը չգիտե՞ս... կարծում ես թե միամիտ ես գտե՞լ, թե՞ կարող ես միամիտ ձևանալ ու ծածկվել, շուտ ասա ազգանունդ։

Կիկոսը կրկին լուռ կանգնած էր։

Ափիցար աղեն դարձավ գրագրին.

— Տեսնում ե՞ս էս սրիկաներին, ինչպես համառ են...

Գրագիրը գլխով հավանության նշան արավ ու նորից գլուխը կոխեց թղթերի մեջ, քիթը համարյա կպցնելով գրչածայրին։