Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա գիտեր, որ Կիկոսը կորել է, բայց թե իր մարդն ինչ մեղք ունի էդ բանում, որ պիտի նրան կախեն, չէր հասկանում, որ տունը թողնելով վազեց Կիկոսի կնկա մոտ՝ մի խաբար իմանալու։

Կիկոսի կինը քնատեղից նոր վերկացած, գոմն էր մտել, որ հավերին կուտ տա, երբ գոմիցը դուրս գալիս նկատեց, թե ինչպես քյոխվա Սարիբեգի կնիկը ոտներով ցեխը ճմբռելով ու սոթ տալով վազում է դեպի իրենց տուն։

— Աղջի՛ Անթառամ, ա՜յ աղջի՜, ո՞ւր ես ըտհենց վաղ թևք ու փեշդ հավաքած վազ տալի, խեր ըլի,— ձայն տվեց Կիկոսի կինը։

— Վո՜ւյ, հողը գլխիս կենա, Թազագյուլ ջան, մարդուս փորձանք ա պատահել, քու Կիկոսի համար նրան են ուզում սպանեն, մարդիցդ խաբար-բան չունե՞ս...

— Հողն իմ էս սև գլխին կենա, ինչ էն ղայդի իգիթ մարդ կորցրի, ով գիտի, Կիկոսի որ ոսկորը ինչ գելի փայ դառավ, խաբարը որդիա՞ն ա, արի՛, արի՛, ջալդ արի, մի տեսնեմ էդ ի՞նչ ես ասում... — ձայնը կերկերալով դնդնացրեց Թազագյուլն ու փեշովը քիթը սրբեց։

Անթառամը հևիհև հասնելով պատմեց, թե ինչպես կեսգիշերին ափիցար աղեն կանչել էր իր մարդուն, թե ինչպես մարդը լուսադեմին մոտ տուն էր եկել, մինչև լույս չէր քնել, ու թե ինչպես կրկին վազեց ափիցար աղի մոտ, ասելով, թե Կիկոսի տեղ նրան են կախելու:

— Վո՜ւյ քոռանամ ես, աղջի Անթառամ ջան, էդ ինչե՞ր ես ասում, բա հարցրիր ոչ, թե, Կիկոսը որտե՞ղ ա...

— Էլ մաջալ ելավ, որ հարցնեի...

— Աղջի, ցավդ տանեմ, արի գնանք իմ հորանց տուն, իմ ախպեր Ունանը կռվումն ա լել, բալքի եկած ըլի, մի խաբար կիմանա։

Գյուղը կամաց-կամաց արթնանում էր, ամեն կտուր ծխում էր առավոտվա կրակի չիբուխը, ծուխը քուլա-քուլա դուրս տալով բուխարու անցքից, շատերն էլ ապրանքը գոմից դուրս արած, քշում էին դեպի աղբյուրը՝ ջուր տալու, երբ Թազագյուլն ու Անթառամը շնչակտուր հասան Թազագյուլի հորանց տուն։