Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սաղ ա, երեկ գտել եմ ու իրան իշի հետ առաջ արած բերել գեղը. թե մութն էր ու տունը չգտավ, գիտեմ ոչ, թե չէ բերել եմ ու հասցրել գեղամեջ, հրեն, է՜, էն որ հիմի մեր շտաբն ա, ափիցարի ապրած տունը։

— Սուտ մի ասիլ, Ունան ջան, իմ Կիկոսի էշը հրեն գոմում կապա՜ծ... ինչ Կիկոսը կորել ա, խեղճն ունքերը կիտած, պռոշը կախ միտք ա անում, ես նրա դարդին մատա՞ղ...

Ունանը տեսավ՝ խոսք չի լինում հասկացնել թերահավատ քրոջը, ու մինչդեռ նա սգում էր քյոխվի կնոջ հետ միասին, ինքը հագնվեց ու հրացանը վերցնելով հրամայեց.

— Վեր կացեք գնանք շտաբը, թե որ իմ բերած սաղ–սալամաթ Կիկոսին մի բան պատահած ըլի, ափիցարի ջանն եմ քաշելու էս թվանքի հինգ գյուլլեն։

Ունանը երկու սգվոր կնոջ առաջն ընկած գնում էր։ Արևը պռունգը դրել էր սարերին. գյուղը ոտի վրա էր։ Էս պատկերը տեսնողը վրա վազեց։ Էն որ տղամարդիկ էին, Ունանին հարցուփորձ էին անում, բայց պատասխան չէին ստանում. նա կատաղած մի բան էր ասում միայն՝ «հրես կիմանաք»։ Էն որ կանայք էին, մոտ եկողը սգի տոպրակը բաց արած «վա՜յ» էր անում ու ծնկներին թակելով սգում, առանց հարցնելու, թե ում կամ ինչի համար։

Հինգ րոպե չանցած՝ ամբողջ գյուղը շտաբի դռանն էր։ Ոչ ոք չէր իմանում բանն ինչումն է. ամենքն աղմկում էին, ոմանք հայհոյում էին կռիվն էլ, կառավարությունն էլ։ Իրար հետ հին հաշիվ ունեցողներն էլ բղբղում էին ու իրար վրա բռունցք թափ տալիս։ Շատերն էլ կարծելով, թե նոր զորահավաք է լինելու, գոռում էին.

— Բո՛լ ա, հերի՛ք ա, քանդվեցինք, ավերվեցինք, էլ ո՛չ հալալ հաց մնաց, ո՛չ ապրուստ, ոտի տակ կորանք, կռիվ չենք ուզում...

— Թող ռուսը գա, ռուս ենք ուզում, ռո՜ւս...

— էս ղայդի կառավարություն մեզ պետք չի. եկավ-չեկավ՝ կռիվը պոչիցը կախ արած. հալալ ապրուստներս հարամ արավ...

— Եկավ թե ճամփա բաց անի՞, թե ելածն էլ կապի,