Խառնված, մեծ ու փոքր իրար գլխի թափվելով, Կիկոսին շրջապատած տարան գյուղամեջ, պոպոզավոր գլխարկը ձողից ցած առան, դրին գլխին, մի լավ ծիծաղեցին նրա նոր տեսքի վրա, նստեցրին եկեղեցու պատի կողքին ընկած հին գերեզմանաքարի վրա, ստիպեցին, որ բոլշևիկների մասին իր տեսածն ու լսածը պատմի։
Զարմանալին այն էր, որ շտաբում մնացած զինվորները փոխանակ վնասելու գյուղացիներին կամ հակառակվելու ափիցար աղին բանտարկելու համար, առանց մի թթու խոսք ասելու բունտովչիկներին, նրանք էլ էին մոտեցել խմբված հասարակությանը ու ղրաղից ականջ էին դնում։
Կիկոսն առոք-փառոք նստել էր ու չէր իմանում, թե որտեղից սկսի իր պատմությունը։ Նա հազաց, կոկորդը մաքրեց ու գլուխը թափ տալով սկսեց.
— Էն ա, որ տարան մեծավորի կուշտը, նա էլ ինձ ղարկեց Իվանի մոտ։ Հիմի աչքդ բարին տենա, ինչ ես տեսա։ Էս քու Իվանը մի ջանավար ռուս ա. շե՛կ, աչքերը պլստրատին տվող, ճաղա՛ր, ամեն մի կուռը հենց մի գոմշի ոտ, բո՜յ եմ ասում՝ ըհը՜, որ մեր տուն մտնի՝ գլուխը օճոռքից կախ ընկած ունջին կառնի. հենց թափով ման ա գալի, որ մեր կտուրը նրա ոտի տակին դիմանալ չի։ Թիկունք եմ ասում՝ ըհը՜, Սումբաթի ջաղացի քարի չափ լեռ։ Դրուստն ասած, ես Իվանիցը վախեցա... Հա՛, մտիցս ընկավ, թե ասեմ, ձեռին մի ջվալի փետի չափ դագանակ բռնած՝ հենց իմացա ինձ բանհոգի ա անելու։ Ինձ բերողը էս Իվանին մի քանի ռսևար բան ասեց։ Իվանս... Հա՛, դուք իմ խոսքը մտներիդ պահեցեք, ես մի արմանալու բան պատմեմ։ Էս Իվանի կողքին մի սել կար, վրեն էլ մի ղազան, ղազանի տակին էլ կրակ էր էրում, սելի վրա ո՞վ ա տեսել օջախ շինեն... էս ղազանի կողքին էլ մի տրուբա, Թանեսի երգան չիբուխի պես՝ ծուխ էր դուրս անում...
— Հա՛, հա՛, հա՛, Կիկոս, էդ պախոդնի կուխնի ա ըլել, — ծիծաղելով ընդհատեց մի հին զինվորություն արած մեկը, որ երկու կռվին մասնակցել էր։
— Հա՛... էս Իվանս վեր թռավ սելի վրա, ձեռի փետովը ղազանը խառնեց ու մի երկաթե շերեփով մի մեծ աման խորակ լցրեց ու դրեց առաջիս, թե՝ «տաք-տաք կեր»։