— Դա ծանոթ ես նրանց հետ, գիտես նրանց վարք ու բարքը։ Էդ գլխիդ պոպոզը ու հագիդ շինելն էլ նրանցից են. դու ես, որ կաս։ Էս լավ օրին էլ որ գեղին պետք չես գալու, էլ ո՞ւր ես ապրում աշխարհիս երեսին,— ամեն կողմից վրա տվին ջահելներն էս տեսակ խոսքերով ու Կիկոսին աոաջ արին։
Որտեղից-որտեղ գտան զուռնաչի Թևոսին ու դհոլչի Սեփոյին, ու մին էլ ահա գյուղի միջին Թևոսն իր զուռնեն զլեց, իսկ Սեփոն իր կոպալներն էնպես ուժգին խփեց դհոլին, որ նրա ձենից սկսեցին դրմբալ գյուղը շրջապատող ժայռերը, որոնք երկար ժամանակ զուռնա-դհոլի ձայնին չէին արձագանքել:
Երեխաները՝ որը տկլոր, որը բոբիկ, զուռնի ձենին վրա վազեցին թռչկոտելով, միացան հանդեսին, իսկ կանայք ու ծեր մարդիկ չէին իմանում՝ լաց լինեն, թե ծիծաղեն։
Լիսն ու մութը խառնվել էր իրար, երբ զուռնա-դհոլով դուրս եկան գյուղից։ Էդ գիշեր գյուղում ոչ ոքի աչքի քուն չեկավ։ Ինչ տան որ տղամարդ էր մնացել, որը ծեր, որը վիրավոր կամ հիվանդ, հարևան կանայք իրենց երեխաներով նրանց մոտ էին հավաքվել, նրանց բութա արել, ու թուխսը կորցրած ճուտերի պես սվսվում էին։ Ծերունիները պատմում էին իրենց պապերից լսած Ղզլբաշի զորքի ավերածությունների մասին, թե ինչպես էդ կողմի գյուղերը ոտնատակ էին տվել, կոտորել ու ժողովրդին գերի տարել, ունեցածները թալանել ու գյուղը կրակի մատնել։ Էսպես էր ահա էն գիշեր խավարի մեջ կորած գյուղը, անհանգիստ ու սպասողական։ Քարերին ու ծերպերին կպած, աշխարհից կտրված էս գյուղի ամեն մի մարդու միտքը մի բանով էր միայն զբաղված, թե ի՞նչ առավոտ է բացվելու նրանց տանջված գլխին...
Մի քանի տնվոր էլ, որոնք գյուղի էս ու էն ծայրին խավար ու խոնավ հյուղերում ու գոմերում էին ապրում, շեմքին կանգնած, ձեռները խաչաձև ծալած, ծոցներումը դրած, անհամբեր սպասում էին բոլշևիկների գալուն։ Սրանք որդին կամ մարդը կորցրած մայրերն ու կանայք էին, որոնց որդին ու ամուսինը աշխարհը խառնվելուց, մեծ կռվից սկսած մինչև էդ օրը տուն չէին վերադարձել։