Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աղջի՛, լաց մի՛ըլիլ, ամոթ ա. հրես սրանց վերջը մոտեցել ա...

— Վա՜յ, Սալո ջան, քե մատաղ, ախր քու մարդին որ ղալա էին դրել, նա հլա մարդ ա, իգիթ ա, հիմի էլ ասում են բալշևիկ ա, բա իմ Կիկոսիցն ի՞նչ են ուզում, նա ի՞նչ մարդ ա, որ ինչ անի...

— Ձայնդ, անզգամ, մենք շատ լավ գիտենք, թե ով է նա. գաղտնի լրտես է և կապ հաստատող. եթե մի ձեռքներս ընկնի՜...

Մինչ զինվորները խուզարկում, տակնուվրա էին անում Կիկոսի տունը, գյուղի վերևի սարի գլխին մի թնդանոթ որոտաց, որին հետևեցին համազարկերը, իսկ գյուղից ցած, դաշտի միջին թնդաց Սեփոյի թմբուկը, որին միացան զուռնի զիլ ձայնը և երկար ու անընդհատ «ուռաները»։

— Աղջի Թազագյուլ, վախիլ մի՛, — ձայն տվեց Սալոն, —հրես գալիս են սրանց ջանի համար, հողեմ ես սրանց գլուխը։ — Ապա դառնալով զինվորներին, որոնք ձիաների ականջը մտած փախչում էին, ձայն տվեց.— հրեն, է՜, հրեն գալիս են, ես նրանց եկած ճամփին մատաղ... թե ղոչաղ եք, գնացեք նրանց հետ կռիվ արեք. եկել եք երկու խեղճ կնիկ գտել ու մի խեղճ ու կրակ Կիկոս եք ման գալի՞։

Լիսաստղը դուրս էր եկել ու իր ճառագայթները խաղացնում, փայլեցնում էր երկնակամարի վրա, մերթ ընդ մերթ ժպտալով իր մանկական խաղի վրա։ Ներքևում գրողին ավելի ու ավելի էին մոտենում զուռնա-դհոլի և ուրախ աղաղակների ձայները, իսկ մյուս կողմից ավելի ու ավելի էին հեռանում թնդանոթների ու հրացանների որոտը։

Բոլշևիկների զորքի առաջապահ գունդը հալածում էր թշնամուն, իսկ թիկունքը դանդաղ, բայց հաստատ առաջ էր շարժվում դեպի գյուղերը, հայտարարելու խորհրդային իշխանություն։

X

Լույսը դեռ չէր բացվել, որ գյուղը մտավ Կարմիր Բանակի շտաբը, որին ուղեկցում էին զուռնան, ցնծագին աղաղակներն ու պարերը։