իրեն ղոնաղը դառնա։ Իվանն էլ՝ խարաշո, տովարիշչ, ասաց ու շարժական խոհանոցը գռռալով քշեց Կիկոսի դուռը։
Երկինքը շառագունել էր. օրը բացվում էր:
Իվանը սարքուկարգ էր անում. պղնձի տակի կրակն էր վառում, որի շուրջը հավաքված երեխաներն ու կանայք ապշած պտույտ-պտույտ էին անում, երբ ջահելներից մի հինգ հոգի եկան ու Կիկոսին թե՝
— Էս զորքի մեծը մի մարդ ա ուզում, որ գեղը կառավարի, մենք էլ քեզ ենք հարմար տեսնում, հազիր ծանոթ ես սրանց հետ, ինքդ էլ հին ղուլլուղչի չես էլել, արի էս մեր գեղի կառավարիչը դառ, մինչև տենանք էս գեղի ցրված խալխը հավաքվի, էն վախտը հալբաթ նրանք մի բան կանեն։
Կիկոսը դեռ գլուխը կախ միտք էր անում, երբ կինը մեջ մտավ.
— Լավ են ասում, գնա, քանի՞ պետք ա ուրիշը քու գլուխը թակելով կոռ ղարկի. հիմի էլ դու դառ էս գեղի տերն ու տիրականը. հողեմ ես քյոխվի գլուխը, մեզ էրել-խորովել ա. դու էլ ջանդ քարեքար ես գցել էս օրվա համար, գնա՛, գնա՛, լավ են ասում։
Ջահելներն ավելի ոգևորվեցին ու սկսեցին համոզել Կիկոսին, որը կացինը ձեռին փայտ էր ջարդում Իվանի համար, շուտ-շուտ ցույց տալի փայտի չոր կտորներն ու պարծանքով ասում.
— Իվան ջան, տեսնում ե՞ս ինչ չոր դրավա յա. դու քեֆդ քոք պահի, հրես էշս կչուլեմ ու էս մոտիկ տեղից դհա լավը կբերեմ։ Ա՛, կնի՛կ, գնա տես հավերը ձու են ածել, բեր Իվանի համար մի ձվածեղ անենք, չուլն էլ հազիր արա, էս ա էշս մի դուրս հանեմ գոմիցը՜...
— Քեզ կառավարիչ են ասում, կառավարիչ,— զայրացավ կինը,— է՛շ չեն ասում։
— Գնա բանիդ, կնիկ, Կիկոսը գեղի կառավարի՜չ, իսկի ըլելու բան ա... Ես որ էս խառը ժամանակ կարենամ գլուխս պահեմ, էդ էլ մեծ հունար ա...
Ոչ մի հորդորանք օգուտ չտվեց։
Հենց էդ միջոցին էր, որ գյուղամիջում զանգը հնչեց։ Դա նշան էր, որ ժողով է լինելու։ Տղերքը մի կողմ զոռով, մի