Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գամ, որ էն հողը մեզ տան, դու գնաս ասես՝ «համոզ չեմ»... թե էգուց ես քեզ բռնել չտամ, ղալեն գցեմ, քու կոնտրիկ գլուխը ղալումը փթացնել չտամ, թող ինչ ուզում է ասեն ինձ։

Կիկոսը տեսավ, որ կինը շատ է զայրացած, բարվոք համարեց լռել, մինչև փոթորիկն անցնի, ինքն էլ մի լավ միտք անի էդ բանի մասին ու մի որոշ եզրակացության գա։ Նա տեղից վեր կացավ ու ճրագն առավ, որ դուրս գնա։ Կինը կասկածելով, թե Կիկոսը կարող է հիմարաբար գնալ Սումբաթովենց տուն, ետևից ձայն տվեց.

— Ա՛ տղա, էդ ո՞ւր ես կորչում...

— Հը՛հ... — քմծիծաղեց Կիկոսը, որից դեմքն ավելի այլանդակվեց,— հենց ես գիդում Վանո-բեգի կուշտն եմ գնո՞ւմ... Հրեդ ըտենց կվախացնեմ, հա՜... Բա ինձ իսկի մարդատեղ չես դնում... Բա ասում ես՝ ինձանից վախում չես։ Տղամարդ ասածդ ուրիշ բան ա, նրա հետ բաս մտնել չի ըլիլ... Գնում եմ իշիս մի քիչ խոտից-զատից տամ ուտի, խեղճ հայվանին էսօր շատ եմ բեռ ու բարձեք արել...

— Այ էշ էր դառել քու բերողը, որ մարդու կերպարանքով չէիր ծնվել, հա՜...

— Էհ, ա՛ կնիկ, ինչ ուզում ես ասա, որ սաղ աշխարհն էլ շուռ գա, էլի փափախն իմ գլխին ա, լաչակը քո, էլի ամեն մարդ ասիլ պտի՝ էս կնիկը Կիկոսինն ա, էս երեխեն Կիկոսինն ա... Բա՜ս... ո՞նց գիտես դու Կիկոսին...

Կիկոսն առաջվա պես էլի իրան բանին էր. էշն առաջ արած հանդն էր գնում, խոտհարքի քարերը մաքրում, որ ամառը խոտ հնձելիս գերանդին քարին չկպչի։ Կամ բահով հող էր փորփրում, որ լոբի ցանելու համար փափուկ տեղ ունենա, երբ մի իրիկուն էլ տուն վերադառնալիս, նրա առաջը կտրեց Սումբաթովանց Վանո–բեգի տղեն ու զայրացած հարձակվեց վրան.

— Կիկո՛ս ես, ինչ զահրումար ես... Ես քու գլխին փափախ դնողի հոր քյալլեն շներին տամ, խի՞ չես կնգանդ կապը քաշում,— ասաց նա։

Կիկոսը շշկլված կանգ առավ ճամփի միջին ու փնթփնթաց.

— Թոկը՜շ, թոկը՜շ, ա՛ տերամեռ, մի կանգ առ, տենամ էս աղա մարդն ինչ ա ասում, է՜։