Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանկարծ վազում էր իշի մոտ, նրա գլուխը գրկում, համբուրում, պատմում իր ապագա երջանկության մասին...

Խավարը կամաց-կամաց իջնում էր գյուղի վրա, երբ Կիկոսը տուն հասավ, բայց դեռ իշի բեռը չէր քանդել, երբ Թազագյուլը կատաղած վրան հարձակվեց.

— Ա տղա′, քեզ ասում չեմ ձեռ քաշի էդ կոնտրիկ շների՞ցը... ի՞նչ ես առավոտս էն սատանաների պապին, էն ջինդար Սողոմոնին առոք-փառոք իշիդ վրա բազմացրել, հը՞... Ի՞նչ եք երկար-բարակ զրից արել, մի պատմի...

Կիկոսը շվարած կանգնել էր իշի կողքին, մռութը կախ ու չէր կարողանում հասկանալ, թե ով է տեսել, ով է կնգանը լուր տվել․ չէ՞ որ ճամփին ոչ ոք չի պատահել, ոչ մի մարդ չի տեսել։ «Հալբաթ ես աշխարհում ծածուկ բան չի մնում, էլի՜», միտք էր անում Կիկոսը, երբ Թազագյուլն ավելի բարկացած ու կրակ կտրած գոչեց.

— Ուզում ես կաշիդ մաշկե՞լ տամ, գլխովդ հանեմ... Եվ-ևս Եփրեմի նաղլը մտիցդ ընկել ա, թե՞ կարոտը քաշում ես։ Հողեմ գլուխդ, յաչեյկեն ու լավ֊լավ տեղերն ու մարդիկ թողած, կոնտրիկների հետ ես մասլահաթ անո՞ւմ... լավ բաներ կսովորես նրանցից... «Սա պահեսցե, եղբայր Կիրակոս, խաչ գնա, մատաղ մորթի, խունկ ու մոմ վառի, սա պահեսցե» չասե՞ց ջինդարը,— տնազ արավ Թազագյուլը։

Կիկոսը, որ ջինդար Սողոմոնի պատվերի համաձայն որոշել էր կնոջ հետ չկռվել, իշի բեռը կամաց-կամաց քանդելով քթի տակ փնթփնթաց.

— Ես կռիվ անելու գլուխ չունեմ, ի′նչ ա, միջիդ սատանեն նեղացել ա, որ մի խեղճ ու կրակ պառավ ու կաղ մարդու իշիս վրա նստեցրե՞լ եմ... էս տանը ես իմ իշի վրա էլ իրավունք չունե՞մ...

— Ի′հ, բոյդ չափեմ, քու Կիկոս բոյը, բալքի սրտիս մի հովություն ըլի,— չանչ արավ Թազագյուլն ու տուն մտավ։

Կիկոսն իր մտքում հաստատ որոշեց, որ իրոք կինը դիվահար է, թե չէ, ո՞վ էր նրան իմաց տվողը, որ ջինդարը, սատանաներին գիրկապ անող էդ պատվական մարդը, Կիկոսի իշին նստել ա։ «Էն ա սատանեն իրան հակառակ մարդուն իշիս վրա տեսել ա, ու Թազագյուլին կատաղացրել, —՚ վճեց Կիկոսն, ավելացնելով,— հրես հենց սատանին