Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԴԻՄԱԿԸ

Ա.

Արշակ Ցազըճյան, որ պարահանդեսին էն տաք միջոցին, միտքը ուրիշ տեղ եղող մարդու մը պես աննպատակ և անուշադիր կը պտըտեր, հանկարծ թևի մը շոշափումը զգաց իր թևին տակ. վարդագույն տոմինո մըն էր հասակագեղ, որ կ՚ըսեր իրեն.

— Ինչո՞ւ չեք պարեր։

— Չեմ ախորժիր։

— Ձեզի պես երիտասա՜րդ մը...

— Պարելը տարիքի հետ գործ չունի, տեսեք սա ալևոր մարդը որ վալս կը դառնա պատանիի մը աշխույժով։

Ու երիտասարդը իր ընկերուհին դիտեց ոտքի պզտիկ կոշիկեն մինչև դիմակը, բեհեզի պատառ մը՝ որուն շիկնոտ երանգը դեմքին չծածկված մասին վրա կը շարունակվեր, իր մեծաշեն գեղեցկությանը հակառակ, մանուկի ձեռքեր ուներ և մինչև արմունկը հասնող ճերմակ ձեռնոցները կը հիշեցնեին Պեշիկթաշլյանի երգած ձյունաթույր թաթիկը։

Կուրծքը, զոր տոմինոյին մեջքը սեղմող մետաքսյա գոտին դուրս կը ցայտեցներ, զույգ մը ըմբոստ նժույգի գլուխներու: