Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ատենադպիրը, որ հաշտության կողմն էր միշտ, միջամտեց.

— Հարյուր ոսկի ևս տան և ամեն բան լմննա. ես պատասխանատվությունը վրաս կ՚առնեմ:

Կարծես ուսերը կը ծռեին այս բեռին ծանրությանը ներքև:

Ան ատեն բուն սակարկությունը սկսավ ալ. թեր ու դեմ ամեն փաստերը, առարկությունները մեջտեղ հանվեցան. մեռելին տերերն ալ բոլորովին անմիտ չէին, բաղդատություններ, հաշիվներ կ՚ընեին, երեքի կանոնի վրա հիմնվելով։

— Ի՞նչ տվավ Նիկողոս էֆենտին մայր եկեղեցվո մեջ թաղվելու համար, եթե մայր եկեղեցվո մեջ թաղվելու համար հինգ հարյուր ոսկի տրվի, այս ձեր մոռցված մատուռի՞ն ինչ կ՚իյնա, հիսուն ոսկին ալ շատ է։

Բայց թաղականները եկեղեցվո շահը դյուրավ լքող չէին, ուրիշ զենքերու դիմեցին իսկույն։ Հանգուցյալին կյանքն ալ՝ խոսքը մեջերնին՝ շատ մաքուր չէր. ու պատմություններ՝ անպատվված ու վռնտված կոլյսերու, ընդունված և չվերադարձված ավանդներու, սուտ երդումներով դուրս թափվեցան։ Ահագին դեղ մը կը բարձրանար հիմակ ու հազար տեսակ խարդախություններու աշտարակ մը կը սպառնար մինչև երկինքը հասնիլ:

Վեճը դառնացեր էր. հանուն կրոնքի ու բարոյականի պայքարը կը մղվեր, ու մեռելին տերերը հայտնի կերպով կ՚ընկճվեին։

Ու Խորհրդարանին մեջ, այս ութը-տասը մարզիկը հավաքված՝ մարդկության էն նվիրական սկզբունքները կ՚առնեին կը ծախեին, իրենց պահանջումներուն կը պատշաճեցնեին:

Մեռելին ազգականները, դրսեցի բոլորն ալ, ի՞նչ ըսելիքնին չէին գիտեր, բայց նորեն պարտվելնին չխոստովանեցան։

— Մենք ալ ննջեցյալը Պալըքլը կը տանինք։

Ատենապետը դողաց. ասանկ հաճախորդ մը տասը տարին մեյ մը չիյնար:

— Կ՚ուզե՞ք որ անկեղծությամբ խոսիմ, գումարը ավելցնելու եք։

Իր սրտին խորեն հարյուր հիսուն ոսկին անգամ շատ կը