Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գեղին միօրինակ ու ընդարմացուցիչ կյանքովը ապրելու տեղ, մայրաքաղաքին մեջ անոթի տանջվիլը կը նախընտրեր:

Երբեմն, իր երիտասարդ կնոջը կը նկարագրեր Վոսփորը, իր օձապտույտ գալարումներովը, երկու դիեն բարձրացող ապարանքներու շքեղությանը մեջ. ու կը պարծենար ատով իբրև թե իրը ըլլային այդ բոլորը: Ու ասանկով, այր ու կին կը համաձայնեին, մոռնալով չնչին ամսականն մը ձևացած ապրուստի մը բոլոր զրկանքները, միամիտ վստահությամբ մը հավտալով որ Պոլիս ոտք կոխելնուն՝ իսկույն ձեռքե ձեռք պիտի քաշեին այս ուսուցիչը, ամսականները պիտի թափեին չորս դիեն, ըղձացված հանգիստը բերելով իրենց։

Ու առժամանակյա կայանքի մը համոզումով այս գեղին մեջ կեցեր էին, դիմումներ ընելով Պոլիս, հոն գործ ու պաշտոն ձեռք ձգելու համար, ոչ ոք պատասխան կուտար իրենց, մանկավարժական տաղանդնուն կոչում կ՚ըներ. սկիզբները այս դժվարությունները չբավեցին անոնց երիտասարդի հուսալից կորովը փճացնելու, նոր նամակներ գրեցին գեղեն, ծանոթներու դիմումներ ըրին շարունակ:

Զարուկ տարի մը չանցած իր առջինեկը ունեցավ. հետո երկրորդ մը. և հիմա, միշտ շնորհալի կին, տնական սպասավորության տաժանքովը կը պաշարվեր հետզհետե։ Իր ոսկեզօծ երազները, խուսափող ստվերներու պես, միշտ մոտ՝ բայց միշտ անմատչելի կը մնային։

Հինգ տարիե ի վեր ամուսնացած էին երբոր առաջնորդի, թաղականի, հոգաբարձուի կռիվ մը, պարբերական կռիվը. վրա հասավ և իր էրիկը վարժարանեն ճամփեց։

Ուսուցիչը բացը մնաց. զինքը պաշտոնի կոչող հոգաբարձուներով հակառակորդները գործի գլուխ անցեր էին։ Ինքը, իր խրոխտ բավականությանը ապաստանած, չուզեց ասոր անոր դիմել աղաչել իր պաշտոնը վերստանալու համար: Զրկված, անիրավված դասատուի, ազգային աշխատավորի դերը ուզեց վարել, ապերախտ դեր որ եթե իր հպարտությունը կը գգվեր, բնավ դրական օգուտ մը չէր ընծայեր։

Հիմա փողոցները կը թափառեր, գեղջուկներուն դեմ իր արհամարհոտ պզտիկ ժպիտը շուրթին վրա, ուրիշ գործ մը