Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արմենիսային կը հանդիպի ակնարկս. ալ ավելի գեղեցկացած կը տեսնեմ զինքը այս սրբավայրին մեք. բոլոր այս դիմակավոր դեմքերուն մեջ իրենը միայն անկեղծ ու ջերմեռանդ երևույթ մը ունի որ մանկական անմեղություն մը կՙընծայե իրեն: Ակամա սակայն այս հիացումս կը թողում, կը վախնամ որ իրեն նայիլս ուշադրություն չհրավիրե. ի՞նչ ընելու եմ սակայն, այս մաքուր ու բարձր ընկերության մեջ կորսված, շվարած, տիկիններու վրայեն բուրող անուշ հոտերուն անձնատուր, բոլոր ճիգս կը թափեմ գոնե անպատշաճ շարժում մը չընելու համար։

Նեղվելով, դողալով որ վրաս չխնդացնեմ այս հեգնող ու կարծես իբր օտարոտի զիս միայն դիտող բագմությունը, չհամարձակելով տեղ մը նստիլ, չհամարձակելով դուրս ելլել, ի զուր մանկական հիշատակներուս կոչում կ՚ընեմ ժամերգության սկիզբը թե վերջը ըլլալնիս հասկնալու համար, չեմ հաջողիր. հուսահատելու մոտ եմ. քրտինքի խոշոր կաթիլներ ճակտես վար կը սահին, հանկարծ մեկ քանի անձերու մեկնիչը կը նշմարեմ. փրկությո՜ւն. առիթը փախցնելու չգար բոլոր քաջությունս կը ժողվեմ ու դուրս կը նետվիմ շուտափույթ ու սրտատրոփ, այո՛, սրտատրո՛փ, վասն զի ահա Արմենիսայի ճիշտ մոտն եմ. ան ալ կը մեկնի, դրան մեջ քով քովի ենք. մեկնելե առաջ մարմարե ավազանի մը մեջեն ջուր կ՚առնե և երեսը կը խաչակնքե. չեմ գիտեր այս ջուրին ինչ ըլլալը, բայց ես ալ Արմենիսայի պես այդ ջեւրով կը խաչակնքեմ երեսս, ջուրե՞ն թե իրմե երանության խոստում մը կը ծավալի ու հոգիիս կը թափանցե. Արմենիսա ինծի կը նայի, և ժպիտ մը, մթամած հորիզոնի մը վրա ծագող ճառագայթի մը պես, իր գեղեցիկ կարմիր շրթունքին վրա կը գծագրվի։

Այս եղավ ահա մեր բարեկամության սկիզբը, այդ ավազանը մեր ճակատները միացուց, ու կաթիլ մը ջուրը հալեցուց մեզ իրարմե բաժնող սառույցե պատնեշը։

Հալքի վերադարձին՝ շոգենավին մեջ միասին գտնվեցանք դարձյալ. Արմենիսա խոսեցավ հետս, օդին գեղեցկության, ջերմության: Հայրիի զբոսանքներուն վրա, մինչդեռ ես, ամեն մեկ բառս կշռելով, անմիտ ու ապուշ համարվելու աստիճան