Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանց գիտնալու թե ո՞ւր և որ կողմ կ՚երթամ, ճամփաս շարունակեցի:

Արմենիսա ութը օր հիվանդացավ. այս սաստիկ հուզման չէր դիմացեր. անկեղծապես կը սիրեր զիս, և բաժանումը իրեն ալ դժնդակ երևցավ: Uպասավորներեն իմացա որ իմ երթալես վերքը ինքն ալ շատ լացեր էր. ամեն առտու գացի գողտուկ լուր առնելու իր առողջությանը վրա։

Քիչ քիչ շտկվեցավ, վրդովումը անցավ, հիվանդության ջերմը իր զայրույթը առավ տարավ, բարկությունը հանդարտության ու հանդարտությունը խորհրդածության տեղի տվավ։

Այս ցնցումը իր մտքին մեջ մանկութենե ի վեր հաստատված նախապաշարումներուն շենքը կործանեց. խելացի ու դատողության տեր կին էր, զիս մոտեն ճանչցեր ու սիրեր էր, մտածեց որ լուսավորչական ըլլալովս միևնույն անձը ըլլալե դադրած չէի: Հայերը բիրտ ու վայրենի մարդիկ ենթադրելուն ձրի զրպարտություն մը ըլլալը խոստովանելու պարտավոր էր: Ճշմարիտ ու հաստատուն համակրանք մը ունեցած էր ինծի. իմ խաբեությունս սիրույս մեծությամբը բացատրեց, հասկցավ ու առաքինություն համարեց: Հաշտվեցավ հետս, և զոհողությանս մեծությունը ճանչնալով՝ ավելի մեծ զոհողությամբ մը փոխարենը հատույց, ես կաթոլիկությունը կեղծեր էի, ինքը լուսավորչականությունը իրապես ընդունեց, քանի որ միևնույն աստվածը կը պաշտեինք, կրոնքի տեսակետով հիմնական տարբերություններ չկային, այլ լոկ նախապաշարումներ. սերը այս նախապաշարումներուն հաղթեց, ինչպես վայրկյան մը խղճիս ու համոզմանս հաղթած էր։

Բայց ալ երկար չտևեց մեր սերն ու մտերմությունը, այս անձնվիրությունը կարծես թե խանդաղատանքը սպառեց, իմ սիրույս փոխարենը վճարեց ու պարտավոր չմնաց, անկե վերջը մեր առջի օրերը չգտանք մեյ մըն ալ. բարեկամներ մնացինք միշտ, բայց ոչ առջի սիրահարները։

Իր նախապաշարումները կորսնցնելով՝ այս կինը իր հրապույրներեն