Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անդին ալ բյուրեղե կաթիլներ կան որոնք իրենց մաքուր ցոլացումը կորսնցնելու կարող չեն, եթե ուզեն իսկ, և իրենց հավատարիմ անշարժությամբը քարացած կը թվին։ Աննիկիս սիրտը այս ադամանդներեն էր։

Բ.

Ինծի թափած սիրո լեզուն գեղջուկ, գրեթե շինական բան մըն էր։

— Հոգի՛ս, հոգիս ու կյանքս ես դուն, հասկցա՞ր։

Մանուկներու կցկտուր ու սահմանափակ բարբառը ուներ. ո՛չ նոր պարբերություններ, ո՛չ չըսված բացատրություններ՝ իր միակերպ, միակտուր սիրույն համար, միևնույն խոսքերը որոնք ինծի՝ տղայության մեջ սորված երգի մը պես՝ հանհունս կրկնվելով ավելի քաղցր կը թվեին։

Բայց այս պարզությունը զուրկ չէր կանացի բնազդիկ նրբություններե։

Երբ պատկերս տալ ուզեցի իրեն՝

— Ո՛չ, ըսավ ինծի, իմ աչքերուս չեմ վստահիր քեզ, հոն չես դուն։

Եվ հարուստ ու շքեղ լանջքին վրա դնելով մատը,

— Հո՛ս, հոս, սրտիս մեջն ես, գաղտնի, խորունկ, անհարկի աչքերե ծածուկ տեղն ես դուն, միս մինակդ ու բոլորովին իմս, հասկցա՞ր։

Ուրիշ ատեն՝

— Գիտե՞ս, կ՚ըսեր ինծի, որ դրան զանգակին զարնվածքեն, սանդուխին վրա քալվածքեդ կը ճանչնամ քեզ և ուրախության սարսուռ մը կը վազե ոտքես մինչև գլուխս։

Իմ պաշտումս ալ իրեն համար նույնքան բուռն էր. ես ալ զինքը՝ սրահին մեջ ձգած անուշ հոտեն, շրջապատու չնչին նյոլթերուն ազգականութենեն անմիջապես կը գուշակեի։

— Հոս նստած էիր քիչ մը առաջ, կ՚ըսեի իրեն, աթոռ մը ցույց տալով, երբ ներս կը մտնեի սրահեն։