Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խուսափողական ձևեր առին՝ իր փալթռին գույնին պես։ Այս ընդհանուր սառնությունը զինքը շփոթեցուց քիչ մը ու ամեն արիություն մեռցուց իր մեջը։ Ընդհանուր լքումին մեջ՝ ձեռք մը միայն կարկառեցավ իրեն, իր սիրած աղջկան ձեռքը: Բայց հիմա՝ իր անկումին մեջ՝ ինքզինքը անարժան զգաց անոր ու խույս տվավ անկե:

Հոս հոն շրջեցավ, դեռ նոր ոտք դնելով մյուս կյանքին սեմեն ներս, դժնդակ ու իրական կյանքին։

Որչա՜փ ատեն աղքատ ապրեցավ, պատերու տկեն սպրդելով քալեց, զրկանքներու ահագին աշխարհքին մեջ թափառեցավ։

Այդ միջոցին էր կարծեմ որ պատահեցա իրեն ու կեցուցի զինքը փողոցին մեջ։

— Տեսնենք, հարցուցի իրեն, ինչո՞վ կը զբաղիս հիմա:

— Մեռնելով, պատասխանեց ինծի։

Դ.

Շաբաթ մը վերջը իր ամուսնության լուրը առի։ Տունը մնացած, ստակի տեր, անհրապույր աղջիկ մը՝ երիտասարդ էրիկ մը փնտրելու ելեր էր, ու Հակոբիկը համոզեր էին որ այս պաշտոնը ստանձնե։

Առանց ընդդիմության, առանց խորհրդածելու հետևեր էր իրեն տրված խրատին, հիվանդի մը պես որ ամեն կամք կորսնցուցած՝ հանձն կ՚առնե ամենեն դառնահամ դեղը խմել: Ու օրին մեկը տուն-փեսա գացեր էր Փանկաչթի, փայտաշեն, հին օրերե մնացած տուն մը, Պետրոսյաններուն տունը, առանց աղեկ մը գիտնալու թե ի՞նչ ընելու համար:

Կարգի կանոնի մարդիկ էին հոն եղողները, հարսին հորմեն մորմեն սկսելով մինչև տան ծառաները. առտուն երեքին սեղանատունը նախաճաշ, վեցին՝ ցերեկվան ճաշը. իրիկվան դեմ՝ աներհայր ու զոքանչ հինգ փառթի պեզիկ իրարու հետ, իր կինը՝ դեմը անկյուն մը նստած, դրացի տուներուն մեջ պատահած եղելությունները մանրամասն պատմելով։

Ամենուն դեմքին վրա լուրջ ու հանդիսավոր բան մը կար