Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պահանջներին, կյանքի առաջադրած խնդիրների բավարարումը։ Այս հարցը գրավել է Զոհրապին ամենավաղ տարիներից, երբ նա տասնվեց տարեկան պատանի՝ Հայաստանի դպրոցներին դասագրքեր հայթայթող Ասիական Ընկերության նախագահն էր, ապա Միացյալ Ընկերության ամենագործուն անդամներից մեկը և մինչև կյանքի վերջին տարիներին, երբ նա ներկայացնում է Ազգային Ժողովին կրթական հատուկ կանոնագիր։ Եվ դա հասկանալի է, որովհետև հպատակ ազգի համար՝ դպրոցը ազգային գոյությունը ապահովելու ամենակարևոր միջոցներից մեկն էր, մանավանդ այն հալածանքների պայմաններում, որ սկիզբ առավ 1878-ից հետո։ Իզուր չէ, որ Զոհրապը իր սերունդի գլխավոր գործը համարում էր «դաստիարակությունը»։ Զոհրապը մտահոգվել է նաև բարոյական դաստիարակության հարցով, հստակորեն գիտակցելով, որ բարոյական դաստիարակությունը անհնար է առանց նյութական հիմքի։ Այդ պատճառով էլ նա ասում է․ «Բարոյական նկարագրի բարվոքումը նյութական վիճակի բարվոքումով կըլլա»:

Զոհրապի հրապարակագրությունը զգալի մասով գեղարվեստական է, երբեմն գրեթե նույնքան պատկերավոր լեզվով, որքան իր գեղարվեստական երկերը, հագեցված երգիծանքով և սրամտությամբ, մանավանդ թերթոնները։ Այս հանգամանքը ապահովում է նրա հոդվածների մեծ մասի երկարակեցությունը։

Գրիգոր Զոհրապի գեղարվեստական ժառանգությունը, որ առաջին անգամ՝ ներկա հրատարակությամբ՝ ամբողջովին ամփոփվում է հատորների մեջ, ճանաչված է իբրև մեր ժողովրդի հոգևոր հարստության մի մասը։ Այդպիսի ճանաչման լավագույն ապացույցն է այն ընդհանուր հետաքրքությունը և անխառն հիացմունքը, որ ունեցել է մեծ արվեստագետ-քաղաքացու ստեղծագործության շուրջ արդեն մի քանի սերունդ։

Զոհրապի հիշատակը կրկնակի թանկ է մեզ համար իբրև մեծ հայրենասերի ու մարդասերի, իբրև մի մարդու, որը պատվով կատարեց իր որդիական պարտականությունները հայ ժողովրդի հանդեպ և նահատակի պսակը գլխին՝ գնաց միանալու մեր պատմության այն նվիրական անուններին, որոնք փառքի հավերժական կոթողներ են մեր ժողովրդի առաջխաղացման ճանապարհին։

ՄԻՆԱՍ ՀՅՈՒՍՅԱՆ