Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ շքեղ էր, բյուրեղի մը ջինջ պայծառությունը հագցնելով ամեն առարկաներուն։

Ծառերու երկար շարքը՝ իրենց պոչերուն վրա հանկարծ կանգնած անհամար օձերու բանակ մը կը պատկերացներ, խայտաբղետ շապիկներով վիշապներ, մեր սերը, մեր երջանկությունը դիտող նախանձոտ աչքերու պես, պաշարելով մեզ չորս դիեն։ Գետինը ծածկող տերևներուն խշրտուքեն զատ ոչինչ կը խռովեր մեր կարճատև առանձնությունը:

Էմման ինքը սթափեցուց զիս ըսելով.

— Դառնա՛նք։

Հաջորդ, վաղահաջորդ ու մյուս օրերը Էմման իր էրկանը հետ ա՛լ ավելի սիրով, ա՛լ ավելի մտերիմ և ինծի դեմ ավելի անտարբեր ու սառն գտնվեցավ։

Հնարք մըն էր աս՝ էրկանը կասկածները ճարթնցնելու համար։

Զ.

Գիտե՞ս թե ինչ ծանր զոհողություններու պարտավորեց զիս այս սերը։ Եթե ոոչ պատվո, գեթ խղճմտանքի դեմ շատ մը մեղանչումներու առաջնորդեց զիս. ոչ ոք ինե ավելի խստությամբ կը դատե իմ արարքս. ծնողքս՝ որոնց բոլոր համոզումները, ակնկալությունները, շոյած երազները ոտնակոխ կ՚ընեի, այն սիրուն աղջիկը՝ որուն սիրտը վաստկեր էի այնքան անարժանությամբ և որ քիչ մնաց նշանածս պիտի ըլլար. ասուց լուռ կշտամբանքը կը զգայի սրտիս մեջ, ամուսնացած, զավկըներու տեր կին մը հրապուրելու ձեռնարկը ոչ նվազ անարգ ու անարժան գործ մը կ՚երևար ինծի, ու այս ամենը կոխելով անցնելով, ա՛լ ավելի ուժով կապված կը զգայի ինքզինքս Էմմային հետ, իմ բոլոր հանցանքիս մեծությամբը կապված։

Էմման ինքը զիս ընդուներ էր նախ անոր համար որ իմ ցուցուցած անսահման սիրույս պես սեր մը տեսած չուներ. հետո, գեղեցիկ կին մը միշտ պետք ունի որ մեկը իր գեղեցկությունը երեսին ըսե. հոմանին տեսակ մը խոսուն հայելի