Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձմեռ գիշերները իր շուրջը կը ժողվվինք ամենքնիս, զինվելով իր հեզ ու համբերող բնավորությանը դեմ, կատակներ տեղայով իր տարիքին, առանց գործածության մնացած հրապույրներուն, իր յազմաին հաստատատիպ հանգույցին և այն անվերջ, անհատնում օյաի մանվածահյուս դրասանգներուն վրա՝ զորս, ակնոցը աչքին՝ ձագուկ տուտու օրն իրիկուն կը շինե, կը բանի, ճշմարիտ արվեստագետի մը երանությամբը համակված:

Բոլոր արդուզարդեն՝ գլխուն օյան կը փոխվի երբեմն, հանդիսավոր օրերու մեջ, ծնունդին, զատկին, խալին, և որուն անակնկալը է անոր նուրբ գծագրության նորությանը մեջ կը կայանա:

Հիմակվան ժանյակներու կոշտ ու ճաշակե զուրկ ձևերուն վրա արգահատելով, Թագուկ տուտուն՝ իր ձեռագործին աննման կատարելությունովը կը խրոխտա ու հաղթանակը կը տանի, ծերացած դողդոջուն մատներուն, անլույս ու տկար աչքերուն հաղթանակը։

Բ.

Ոմանք, անողորմներ, գլուխը հավաքված՝ կտակը կը շինեն խեղճ պառավին, բռնի, ակամա կտակ մը, իր ներկայության, իր աչքին առջև, ի կենդանվույն ժառանգությունը բաժնելու համար մեջերնիս, քանի որ էրիկ չունի, զավակ չունի, մարդ ու մարդասանք չունի բացի մենե որ ահա իր շուրջը բոլորված, իր լքված առանձնությունը մեր զվարճախոսություններովը կը կենդանացնենք ու կ՚ոգևորենք։

Օր մըն ալ ունեցածը չունեցածը տեսնելու փափագը ունեցանք. ադամանդ չունե՞ր, քոնսոլի՞տ ալ չուներ, ի՞նչ ուներ ուրեմն այս Թագուկ տուտուն, մեզի արժանի ի՞նչ ժառանգություն ցույց պիտի կարենար տալ օր մը եթե մեռներ, անպիտան շորերե զատ որոնք դուրսը անկյուն մը ընկուզենիե շինված պարկեշտ սնտուկի մը մեջ պահված էին։

— Սնտուկը նայինք մեյ մը՝ ըսավ վարի քովի տան տղան։