Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ և մանավանդ Պոլսո մեջ, իր համոզումները, սփոփանքները անբավական մնացին։

Ո՛չ, այս մայրաքաղաքը երկրին չէր նմաներ բնավ: Ակնա տնակներուն երդիքը, գյուղացվոց շալվարը, կիներու աղտոտ լաչակը չտեսավ հոս, նոր աշխարհ մը՝ նոր գաղափարներ արթնցուց. վայելքի պետքը դրամի պետքը ցուցուց: Իր քարեպաշտությունը որ մինչև այն ատեն անշահասեր էր, պահանջող, ուզան բերան դարձավ:

Մայր եկեղեցվո մեկ անկյունին մեջ քաշված՝ անհատնում աղոթքներու ու շարականներու քաղվածքով ստակ և դարձյալ ստակ ուզեց աստուծմե. և իր աշխատության փոխարեն առած չնչին գումարները որոնք զինքը կը շլացնեին, աստվածային պարգևներ կը համարեր և իր աղոթքներուն վարձատրությունը։

Այսպես իր աոևտուրը աստվածասիրության հետ խառնված մնաց, այն բոլոր առիթները ուսկից դրամ շահելու կարելիությունը նշմարեց, իր օգտին համար աստուծո կողմե հատկապես կարգադրված նկատեց ու բան մը չհարցուց ալ իր խղճին։ Աստված իր ըրածը չէ՞ր գիտեր միթե։

Ե.

Անգամ մը միայն տարակուսեցավ, վարանում մը զգաց։ Անոր բարեպաշտ մարդու համբավեն խաբված, իր մահամերձ բարեկամներեն մեկը մեծ, շատ մեծ, իր չտեսածին չափ մեծ գումար մը ավանդ հանձնեց իրեն, մահվընեն վերքը այդ գումարը ազգին ու իր ազգականներուն մեջ բաժնելու խնդիրքով. Մարտիրոս աղա նախ չհավատաց այս անակնկալ վստահության. հիվանդին անկողնին քով նստած, սենյակին դուռը դոց, նախ անդիմադրելի մարմաջ մը զգաց տեսնելով այդ գումարը զոր հիվանդը փոքրիկ սնտուկե մը կը հաներ, հետո հիվանդը հոն խղդելու և ստակները հափշտակելով փախչելու գաղափար մը ունեցավ, հիմարի գաղափար մը. բայց այս փորձությանը դիմադրեց. ի՞նչ հարկ անոնց. միթե աստված