Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լքումի մը կը նմանի: Ի՞մ ուզելովս էր որ սիրեցի զքեզ. երրե՛ք. և հիմա որ կը զգամ թե շատ ավելի ծանր հիվանդ մըն եմ քան թե հոս եկած օրս, հիմա կը վռնտես զիս, առանց գթության բառ մը ըսելու ինծի: Պիտի ըսես և պիտի համրես ինծի բոլոր անպատեհությունները կամ անպատշաճությունները իմ սիրույս. այս բոլորը հազար անգամ ես ինքզինքիս թված եմ. կ՚երդնում որ ես բան մը, բան մը չեմ ուզեր քենե, հիվանդ էի և հիվանդ եմ միշտ, ձգե որ քու քովդ ապրիմ հոս, առանց աղեկնալու հույսի, բայց գոնե առանց ալ մեռնելու հաստատ ստուգության մը:

Զ.

— Մեռնելո՞ւ, ինե հեռու մնալուդ համար պիտի մեռնի՞ս, պատասխանեց ինծի ժպտելով, ժպիտ մը՝ որուն մեջ դառնություն մը կար: Չես մեռնիր, ապահո՛վ եղիր. հոսկե դուրս ելլելուդ երեք օր պիտի նեղվիս, ութ տաս օր ալ վրաս պիտի մտածես, տասնհինգ օրեն բավական սփոփված պիտի ըլլաս արդեն, և ամիսե մը՝ հիշատակ մը, անուշ ու աղոտ հիշատակ մը պիտի մնամ մտքիդ մեջ. գալ տարի դուն ալ պիտի զարմանաս զիս սիրած ըլլալուդ:

Իմ ժխտական շարժումիս վրա՝

— Ես այդ սիրո արբեցությունները գիտեմ, շամփանիայի փրփուրին պես շուտով կը սմքին։

Եվ հանկարծ այլափոխվելով, կարծես մերկանալով իր մարապետի խոժոռ երևույթը, իր ծանր ու լուրջ ասացվածքը, ամենեն հրապուրիչ, մոլորեցուցիչ կինը դառնալու համար և ամենեն դաշն ու վրդովփչ շեշտը դնելով իր ձայնին մեջ՝

— Որովհետև վաղը պետք է որ ձգես երթաս հոսկե ու պիտի երթաս. և որովհետև համակրելի ու սրտի տեր մեկն ես կամ այնպես երևցար, քեզի կրնամ ըսել որ չեմ հավատար քու սիրույդ և ձեր բոլոր էրիկ մարդոց սերերուն։ Ես իմ անունս, ընտանիքս, հարստությունս, իմ քսան տարու երիտասարդուհիի բոլոր իրավունքներս զոհած մեկն եմ երիտասարդի